Մենք ունենք բանակցային պրոցեսը վերականգնելու հնարավորություն․ Սերժ Սարգսյան

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 31-ին հարցազրույց է տվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային գործընթացի վերաբերյալ։ Սարգսյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդումներին, իր թողած բանակցային ժառանգության հետ կապված քննադատություններին, հիմնախնդրի կարգավորման հեռանկարներին։

Սերժ Սարգսյանի կարծիքով՝ Հայաստանն ունի բանակցային պրոցեսը վերականգնելու հնարավորություն՝ չնայած ջախջախված, կապիտուլացված լինելուն։

«Մեր հասարակության այն հատվածը, որը համարում է, որ Արցախը հայկական է, այն մասը, ով համարում է, որ մենք ի վիճակի ենք ուղղել մեր մեջքը, ես կոչ եմ անում բոլոր այդ մարդկանց, որ համախմբվենք ու սրանից (Նիկոլ Փաշինյանից – ՍիվիլՆեթ) պահանջենք, որ դադարեցնեն այդ քաղաքական մուրացկանությունը: Խաղաղություն աղերսելը երբեք չի բերել խաղաղության, երբեք չի բերել: Իմ ասածն այն չէ, որ պետք չէ ձգտել խաղաղության, ընդհակառակը, իմ ասածների մեջ` և՛ սկզբում, և՛ հիմա, խնդրում եմ, որ որևէ մեկը ռևանշի տարր էլ չփնտրի: Իմ ասածը հետևյալն է, որ մենք չնայած ջախջախված ենք, չնայած կապիտուլացված ենք` մենք ունենք հնարավորություն բանակցային պրոցեսը վերականգնելու»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ պետք է գործող իշխանություններից պահանջել, որպեսզի նրանք գնան բանակցային պրոցեսը վերականգնելու ճանապարհով։

Դեկտեմբերի 24-ի ասուլիսում վարչապետը՝ անդրադառնալով ԼՂ վերջնական կարգավիճակի ճշգրտման համար նախատեսվող հանրաքվեի անցկացման հանգամանքներին, ասել էր, որ բանակցային ողջ գործընթացի ընթացքում երբեք ոչ մի իշխանության և ոչ մի բանակցողի կողմից չի վիճարկվել Լեռնային Ղարաբաղում ապրած ադրբեջանցիների իրավունքների հարցը և 1988 թվականի համամասնությամբ հանրաքվեի հարցը դուրս է եկել օրակարգից։

Արձագանքելով Փաշինյանի հայտարարություններին, Սերժ Սարգսյանը նշել է, որ հանրաքվեի մանրամասները երբեք չեն քննարկվել, դրանք թողնվել է հիմնական պայմանագրին։

«Հիմնական պարամետրերը ֆիքսվել են, որը մեզ համար կենսական նշանակություն ունի։ Այդ ամբողջը վերապահված է այդ պայմանագրին: Դուք այդ փաստաթղթերում, գոնե առաջարկություններում, որոնք հիմնական սկզբունքներին են վերաբերում, չեք տեսնի որևէ տեղ, որևէ փաստաթղթում ակնարկ անգամ, որ մինչ վերջնական խնդրի կարգավորումը, ադրբեջանցիները պետք է վերադառնան Լեռնային Ղարաբաղի բուն տարածք: Չկա այդպիսի բան: Թող ցույց տան մի փաստաթուղթ, որտեղ դրա մասին ակնարկ կա»,- ասել է նա։

Սերժ Սարգսյանի հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ։

Մեկնաբանել