Հունվարի 31-ին Բարձրագույն դատական խորհրդին ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացվել էին երկու միջնորդություններ՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին։ ԲԴԽ-ից հայտնում են, որ խորհուրդը միաձայն որոշել է ներկայացված երկու միջնորդությունները բավարարել։
Թե կոնկրետ ինչ քրեական գործ է հարուցվել Բորիս Բախշյանի նկատմամբ՝ պարզ չէ։ Այս իրադարձությունը ժամանակագրական առումով համընկավ դատավորի կայացրած աղմկահարույց մի որոշման հետ․ հունվարի 22-ին Բախշյանը որոշել էր «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխել՝ նշանակելով 2 մլն դրամ գրավ և ստորագրությունը չհեռանալու մասին:
Հունվարի 31-ին Բախշիյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման առնչությամբ մտահոգություն էր հայտնել Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը՝ շեշտելով, թե այն «պայմանավորված է դատավորի գործունեությամբ»։
Բացի այդ, դատավոր Բախշիյանի վարույթում են Գորիսի փոխհամայնքապետեր Իրինա Յոլյանի և Մենուա Հովսեփյանի, Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի գործերը: 2020-ի դեկտեմբերի 17-ին նույն դատավորը 70 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակեց Մանվել Փարամազյանին:
Աշոտ Մինասյանը մինչ այս անցնում էր վարչապետի մահափորձի գործով, սակայն սակայն շուրջ մեկ տարի տևող նախաքննությունից հետո գործը կարճվեց։ Ներկայում նրան մեղադրանք է առաջադրվել զենք-զինամթերք պահելու համար:
Գևորգ Թոսունյան