ԱԱԾ-ի մեկ գործը շարքից հանել է դատարաններում էլեկտրոնային մակագրման համակարգը

Դատարանները կես տարուց ավելի է՝ գործերը «ձեռքով» են մակագրում։ Այս խնդիրը ծագեց 2021-ի հուլիսի 21-ից հետո, երբ Բարձրագույն դատական խորհուրդը իրազեկվեց, որ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով քննչական գործողություններ կատարելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել մուտք գործել խորհրդի և մյուս ատյանի դատարանների վարչական շենքեր: Նույն օրը ԱԱԾ-ն առգրավեց «Դատական համակարգ» համակարգչային ծրագրի սերվերի մուտքի և կառավարման բանալիները, ինչի արդյունքում դատական գործերի բաշխումը համակարգչային ծրագրի միջոցով դարձավ անհնարին:

Համակարգչային բաշխման կարգը ներդրվել էր 2014 թվականին Դատական օրենսգրքի համապատասխան փոփոխության արդյունքում։ Համակարգի նպատակն էր ստեղծել դատավորների միջև գործերի բաշխման արդյունավետ և թափանցիկ համակարգ՝ բացառելով սուբյեկտիվ մոտեցումները: ԱԱԾ-ի քրեական գործից հետո այս իրավիճակը փոխվեց․ դատավորները անցան հին մեթոդին։

Ո՞վ է խնդիրների իրական հասցեատերը

«Ներդրված համակարգը տասնմյակներ տևող պայքարի, փաստաբանների, քաղհասարակության, փորձագետների աշխատանքի, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանին պարբերաբար ներկայացված պահաջների արդյունքն էր, որի հիմնական նպատակն էր վերացնել մարդկային գործոնը, գործերի բաշխման հարցում կամայականությունները»,- խոսելով մակագրման էլեկտրոնային համակարգի մասին՝ շեշտում է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը։

Նրա խոսքով՝ նախ և առաջ պետք է հասկանալ, թե ով է խնդիրների իրական հասցեատերը։

«Այս խնդիրը բխում է Բարձրագույն դատախան խորհրդի գործունեությունից։ Առաջինը հենց ԲԴԽ-ն պետք է անհանգստանա, վեց ամիսը արդյոք բավարա՞ր չէր, որ այդ «անհաղթահարելի ուժը» փորձ արվեր մեկ այլ տեխնիկական, համակարգչային միջոցով փոխարինել»,- նշում է Հարությունյանը։ Նրա կարծիքով՝ հենց ԲԴԽ-ն պետք է հանդես գա որոշակի սկզբունքային մոտեցումներով։

«Հակառակ դեպքում, ստեղծված իրավիճակը թույլ է տալիս պնդել, որ ԲԴԽ-ին է ձեռք տալիս այս իրականությունը, երբ դատավորները շարունակում են կաշկանդված մնալ ու անկախության հետ կապված խնդիրներ ունենալ»։

Մարդու իրավունքների պաշտպանն այս խնդրի հետ կապված արտահերթ զեկույց է հրապարակել։ ՀՀ ՄԻՊ աշխատակազմի հետազոտական և կրթական կենտրոնի աշխատակից Մերի Մամիկոնյանն ասում է, որ պաշտպանի համար հիմք են հանդիսացել բազմաթիվ ահազանգեր ու բողոքներ։

«Որոշ դեպքերում սահմանված չափանիշները չեն պահպանվում, օրինակ՝ պատահականության սկզբունքը, կամ էլ չի պահպանվում գործերի այբբենական մակագրումը։ Ստացվել են ահազանգեր, որ, օրինակ, վարչական դատարանում հինգ դատավորից կազմված դատական կազմերում հաճախ ընտրվում է նույն դատավորը՝ դատարանի նախագահի հայեցողությամբ»,- հայտնում է Մամիկոնյանը։

«Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ փաստաբան Արա Ղարագյոզյանի կարծիքով՝ այս ձևաչափով իշխանությունը նաև քաղաքական խնդիր է լուծում։

«Այս ամենում ամենավատը կալանավորման մակագրումներն են. որևէ չափանիշ չկա, թե ինչու պետք է X դատավորի մակագրվի գործը։ Խնդիրն արդիական է նաև Վերաքննիչ դատարանում»,- նշում է փաստաբանը։

Դատավորները ևս անհանգստացած են

Հունվարի 13-ին Ազգային ժողովում Մարդու իրավունքների հանձնաժողովի հրավիրած նիստին մի խումբ դատավորներ ևս դժգոհություն հայտնել են մակագրման համակարգում ստեղծված խնդրի վերաբերյալ։

«Այս հարցն անմիջականորեն առնչվում է դատարանների անկախությանն ու անաչառությանը։ Արդյոք մեկ գործի կարևորությունը մի քանի անգամ ավելի բա՞րձր է, քան ընդհանուր համակարգի աշխատանքը»,- նիստին ասել է դատավոր Արշակ Վարդանյանը՝ նկատի ունենալով ԱԱԾ-ում քննվող քրեական գործը, որի պատճառով առգրավվել են էլեկտրոնային մակարգրման համակարգի համար նախատեսված համակարգիչները։

Նա ևս կարծում է, որ ԲԴԽ-ն կարող էր իրավիճակը շտկել, ինչը չի արել։

«Մենք՝ դատավորներս, զգացել ենք հավասարաչափության սկզբունքի և մակագրման խախտումներ»,- ընդգծում է դատավորը։

Մեկ այլ դատավոր Արման Հովհաննիսյանին էլ հետաքրքրում է՝ արդյոք Արդարադատության նախարարությունը վերջին կես տարում ուսումնասիրել է «ձեռքով մակագրման» համակարգն ու օրենքին համապատասխանելիությունը։

«Սուբյեկտիվ մոտեցումն այն է, որ ցանկության դեպքում, օրինակ, այբբենական հերթականությամբ մակագրությունը հեշտությամբ կարող է խախտվել, միայն մեկ դեպք բերեմ՝ դատարան մուտք եղավ միաժամանակ տասը գործ, դրանցից ցանկացածը կարող են այնպես անել, որ հասնի կոնկրետ դատավորի»,- ասում է դատավորը։

Նախկինում ևս խնդիրներ են ծագել դաշտում

Դեռևս վեցերորդ գումարման խորհրդարանի աշխատանքների ժամանակ՝ 2017-ին, Ազգային ժողովի պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանը, Շուշան Սարդարյանը, Գևորգ Պետրոսյանը և Էդմոն Մարուքյանն էին անհանգստություն հայտնել այդ ժամանակ գործող էլեկտրոնային մակագրման համակարգի առնչությամբ։ Մասնավորապես, նրանք ներկայացրել էին օրենսդրական նախագիծ՝ առաջարկելով որոշ փոփոխություններ։ Օրինագիծը, սակայն, չէր ընդունվել։

Պատգամավորները ուսումնասիրել էին 2016-ի տվյալները և եզրահանգել, որ «գործերի պատահական բաշխման համակարգը ոչ հավասարաչափ է բաշխում գործերը նույն դատարանի դատավորների միջև, ինչպես նաև հստակորեն չեն պահպանվում դատարանի նախագահներին տրված արտոնությունները»։

Նախագծի հեղինակներն օրինակներ էին բերում․ դատարաններից մեկում քրեական գործեր քննող դատավորին մակագրվել է 56 քրեական գործ և 327 մինչդատական միջնորդություններ և դատական հանձնարարություններ, իսկ նույն դատարանի նախագահին՝ 24 քրեական գործ։

«Գործերի անհավասարաչափ բաշխումը ոչ միայն խաթարում է դատավորների անկախությունը, այլ նաև ազդում է արդարադատության որակի վրա, քանի որ դատավորների գերծանրաբեռնվածության պարագայում դժվար է խոսել արդարադատության որակի մասին»,- եզրահանգել էին օրենսդիրները։

Գևորգ Թոսունյան