2021-ին գրանցվել են վերջին 10 տարում անշարժ գույքի հետ կապված ամենաշատ գործարքները

2021-ին անշարժ գույքի հետ կապված ամենաշատ գործարքներն են գրանցվել վերջին տասը տարում։ Այդ մասին տեղեկանում ենք Կադաստրի կոմիտեի հրապարակած՝ անշարժ գույքի շուկայի 2021թ․ վերլուծությունից։

Ընդհանուր գործարքների թիվը հասել է 201 563-ի, դրանց 31,4 տոկոսը գրանցվել է Երևանում, ամենաքիչը՝ Վայոց ձորի մարզում։ Գործարքներից ամենատարածվածը եղել են առքուվաճառքը, գրավադրումը, ժառանգությունը։ Գործարքների 30,5 տոկոսը եղել է բնակարանների, 29,2 տոկոսը՝ առանձնատների, 25,3 տոկոսը՝ հողերի, 25,2 տոկոսը՝ արտադրական նշանակության շինությունների հետ կապված։

Երևանում անշարժ գույքի շուկայի ամենաշատ գործարքները եղել են Քանաքեռ-Զեյթունում, Նորք-Մարաշում ու Մալաթիա-Սեբաստիայում։

Հանրապետությունում ամենաշատ առքուվաճառքի գործարքները գրանցվել են Արմավիրի, Տավուշի մարզերում և Երևանում։ Միակ մարզը, որտեղ առքուվաճառքների հետ կապված նվազում է նկատվում, Սյունիքն է, որտեղ նվազումը կազմում է 2,1 տոկոս։ Երևանում ամենաշատ առքուվաճառքը վերաբերել է բնակարաններին՝ մոտ 63 տոկոս։

Ըստ Կադաստրի կոմիտեի՝ Երևանում բնակարանների քառակուսի մետրի արժեքը էական փոփոխությունների չի ենթարկվել։ Այսպես՝ Կենտրոնում բնակարանի քառակուսի մետրի գինը նվազել է մոտ 2 տոկոսով, Դավիթաշենում՝ 3 տոկոսով, Նուբարաշենում 1,6 տոկոսով։ Փոխարենը բնակարանի 1 քառակուսի մետրի գնաճ է եղել Արաբկիրում՝ 0,7 տոկոսով, Նոր-Նորքում՝ 2,7 տոկոսով, Էրեբունիում՝ 1 տոկոսով, Շենգավիթում՝ 2,2 տոկոսով, Աջափնյակում՝ 0,4 տոկոսով, Մալաթիա-Սեբաաստիայում՝ 1 տոկոսով։

Սյունիքի մարզի Գորիս, Կապան, Սիսիան, Մեղրի, Քաջարան քաղաքներում գները նվազել են, բնակարանների գները աճել են Արտաշատում՝ 11,3 տոկոսով, Վանաձորում՝ 10,4 տոկոսով, Գյումրիում՝ 9 տոկոսով։

Հայաստանում աճել են նաև հողերի առքուվաճառքի գործարքները՝ 15,4 տոկոսով։ Առքուվաճառքի ամենաշատ գործարքները եղել են Արարատում, Արմավիրում, Լոռիում ու Վայոց ձորում, իսկ Երևանում հողի առքուվաճառքի գործարքները նվազել են 7,2 տոկոսով, իսկ Շիրակում՝ 5,4 տոկոսով։

Կադաստրի կոմիտեի հրապարակած վերլուծության համաձայն՝ 2021-ին օտարերկրացիները գնել են 1 587 միավոր գույք, ինչը 21 տոկոսով ավել է 2020-ի ցուցանիշից։ Միևնույն ժամանակ, 37 տոկոսով աճել է օտարերկրացիների վաճառած անշարժ գույքը։

Մեկնաբանել