Իսմի Աղաև, Բաքու OC Media
Բաքվում ոստիկանների հետապնդման արդյունքում ձերբակալվել է թուրքական դրոշի պարանը կտրած անձը, որին ֆիքսել էր տեսախցիկը։ Անցյալ շաբաթ սոցցանցերում տարածված միջադեպի կադրերում երևում է, թե ինչպես է տղամարդը Բաքվի մետրոյի Ղարա Ղարաև կայարանի մոտ իջեցնում դրոշը և հեռանում։
Կիրակի Ադրբեջանի ներքին գործերի նախարարության խոսնակ Էլշադ Հաջիևը հայտարարել էր, որ ձերբակալել են 1985-ին ծնված Ֆուադ Իսմայիլովին, որը «անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել եղբայրական Թուրքիայի Հանրապետության պետական դրոշի նկատմամբ»։
Հաջիևն ասել է, որ Իսմայիլովը ձերբակալվել է «անհետաձգելի որոնողական աշխատանքների» արդյունքում։ «Վերջինս խոստովանական ցուցմունք է տվել։ Կատարվում են համապատասխան հետաքննություններ»,- հավելել է նա։
Անհասկանալի է, թե այժմ ինչ մեղադրանք է առաջադրվել Իսմայիլովին։ Փաստաբան Ֆարիզ Նամազլին OC Media-ին ասել է, որ «այլ երկրի դրոշը գետնին գցելը» Ադրբեջանում քրեական հանցագործություն չէ։
«Եթե որևէ հանցագործություն լիներ, ապա պատերազմի ժամանակ մարդիկ կապում էին հայկական դրոշը իրենց մեքենաների հետևում և քարշ տալիս գետնով, և նրանց դեմ ոչ մի քայլ չէր կիրառվում։ Ադրբեջանի Քրեական օրենսգիրքը պարունակում է կանոններ, որոնք կարգավորում են միայն Ադրբեջանի պետական դրոշի և պետական ատրիբուտների նկատմամբ վարքագիծը»,- ասել է փաստաբանը։
«Տեսանյութը դիտելիս երևում է, որ հանցագործը չի կատարել գույքի վնաս հասցնող կամ հանրության անհանգստությունն առաջացնող որևէ արարք։ Կարծում եմ, որ ամենայն հավանականությամբ վարչական տույժեր կկիրառվեն»,- ասել է նա։
Իսմայիլովն ավելի վաղ հայտնվել էր հանրության ուշադրության կենտրոնում՝ 2020-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց «Fu Mazi» (քը՜շ, Մազի) գրելու համար՝ նկատի ունենալով հանձնաժողովի ղեկավար Մազահիր Փանահովին։
Մեկ ամիս էլ չանցած՝ նրան ձերբակալել և դատապարտել էին 60 օրվա ազատազրկման՝ «սպառման նպատակով թմրամիջոցներ ձեռք բերելու» մեղադրանքով։
Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի