«Հայաստան» խմբակցությունն առաջարկում է վերացնել վարորդների տուգանման բալային համակարգը

Ազգային ժողովի ընդդիմադիր՝ «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է ուժը կորցրած ճանաչել վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի այն դրույթները, որոնցով տուգանային միավոր, ինչպես նաև տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցում է կիրառվում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ կատարած անձանց նկատմամբ:

Նախագիծը փետրվարի 3-ին կքննարկվի խորհրդարանի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին։

Խմբակցությունն իր նախագիծը հիմնավորում է այն հանգամանքով, որ «տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցումը կամ դրանից զրկելը վրա է հասնում ոչ թե նոր արարքի, այլև արդեն իսկ կատարված արարքի համար, որի մասով զանցաքը կատարած անձը կրել է պատասխանատվություն»։

Ըստ ընդդիմադիր խմբակցության՝ «նման Սահմանադրությանը առերևույթ հակասող և պատասխանատվություն նախատեսող կարգավորումները կարող են հանգեցնել մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների անհամաչափ սահմանափակման կամ առհասարակ խախտման, ինչը անընդունելի է ժողովրդավարական հասարակությունների կողմից»:

Վարորդների տուգանման բալային համակարգի վերաբերյալ օրենսդրական փաթեթը խորհրդարանը ընդունեց 2019-ին, իսկ 2020 թվականի հունվարի 1-ից այն մտավ ուժի մեջ։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել