Ինչո՞ւ են աճում գները, և ի՞նչ կարող է անել Կենտրոնական բանկը

Մարտին Գալստյան Լուսանկարում՝ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը

Չնայած Հայաստանում 2021 թվականին սպառողական ապրանքների 7,2 տոկոս և սննդամթերքի 11,5 տոկոս գնաճին՝ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը արդյունավետ է համարում ՀՀ գլխավոր բանկի՝ գնաճի զսպմանն ուղղված քայլերը:

Հայաստանում գլուխ բարձրացրած գնաճը զսպելու նպատակով 2020-ի դեկտեմբերի 15-ից սկսած՝ Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը պարբերաբար բարձրացրել է՝ 4,25 տոկոսից դարձնելով 8 տոկոս: Միայն նոյեմբերի 2-ին ԿԲ խորհուրդը անփոփոխ է թողել այն։

Հատկանշական է, որ 2020-ի դեկտեմբերի 15-ին նախորդած երեք տարում Կենտրոնական բանկը մշտապես նվազեցնում էր վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ նպատակ ունենալով առավել մատչելի դարձնել ֆինանսական միջոցների հասանելիությունը տնտեսությունում:

Փետրվարի 1-ին ԿԲ խորհուրդը որոշեց գնաճային սպասումները մեղմելու ևս մեկ քայլ կատարել՝ բարձրացնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,25 տոկոսով:

Այդ սպասումները պայմանավորված են հիմնականում արտաքին աշխարհից ներթափանցող գնաճային ճնշումներով, սակայն ի հայտ են եկել նաև ներքին գործոններ, ինչպիսիք են՝ ջրի, հոսանքի սակագների արդեն իսկ գրանցված բարձրացումը, ինչպես նաև ապրիլի 1-ից սպասվող գազի թանկացումը:

Կենտրանական բանկում մեծ չեն համարում կումունալ ծառայությունների թանկացման գնաճային էֆեկտը: «Ջրի և հոսանքի սակագների բարձրացումը կարող է բերել մինչև 1 տոկոս գնաճի տարեկան կտրվածքով: Սա նաև նկատի է առնվել վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման այսօրվա որոշման մեջ», – նշեց Կնետրոնական բանկում փետրվարի 1-ին կայացած ասուլիսի ժամանակ Մարտին Գալստյանը՝ հավելելով, որ գազի թանկացման ազդեցությունը գնաճի վրա դեռ չի հաշվարկվել, քանի որ պարզ չէ՝ ինչ որոշում կկայացնի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Գազպրոմ Արմենիա»-ի՝ գազի գնի բարձրացման հայտին ի պատասխան:

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն արդյունավետ է համարում գնաճի զսպմանն ուղղված փողը թանկացնելու գլխավոր դրամատուի քաղաքականությունը, քանի որ հակառակ պարագայում գները երկնիշ աճ կգրանցեին:

«Այո, դրական եմ գնահատում կատարված աշխատանքը, քանի որ հակառակ պարագայում սպառողական ապրանքների գների աճը կարող էր կազմել 15 տոկոս, իսկ սննդամթերքի գների աճը՝ 20 տոկոս, – ասաց նա ու հավելեց: – Հայաստանի տնտեսության վրա գնաճային ազդեցություն է ունենում հատկապես արտաքին հատվածը, քանի որ հումքային և պարենային ապրանքների միջազգային շուկաներում բարձր գնաճային միջավայրը պահպանվում է էներգակիրների ավելի բարձր գների և արտադրաշղթաների խաթարումների հետևանքով»:

Կենտրոնական բանկի նախագահը մի քանի անգամ նշեց, որ գնաճը զուտ հայկական ֆենոմեն չէ․ այն համաշխարհային միտում է:

Այնուհետև Գալստյանը խոսեց թվերով. «Վրաստանում գներն աճել են երկնիշ թվով, Ռուսասանում 7 տոկոսից ավել է եղել, ԱՄՆ-ում՝ շուրջ 7 տոկոս, Եվրամիությունում՝ մոտ 5 տոկոս»:

Չնայած արտաքին հատվածի՝ Հայաստանի տնտեսության վրա գնաճային ազդեցությանը՝ ԿԲ նախագահի սպասումներն ընթացիք տարվա կտրվածքով, այնուամենայնիվ, ավելի դրական են: Տարեվերջին ԿԲ-ն սպասում է գնաճի կայունացում կանխատեսելի՝ 4+/-1,5 տոկոսի միջակայքում։

Կարդացե՛ք նաև՝

Մեկնաբանել