Ինչ խնդիրների է բախվում կրթությունը մարզերում

Ի՞նչ մարտահրավերների է բախվում այսօր կրթական համակարգը Հայաստանում և մարզերում, որո՞նք են այդ խնդիրների արմատները․ այս և այլ թեմաների շուրջ ՍիվիլՆեթի Գորիսի լրագրող Էմիլիա Խաչատրյանը զրուցել է ոլորտի պատասխանատուների հետ։

Գորիսի պետական համալսարանի Կենսաբանության և քիմիայի ամբիոնի դասախոս Անի Գալստյանը կարծում է, որ այսօրվա կրթական համակարգի դժվարություններից է առցանց համակարգից հիբրիդայինի անցումը: Նրա համոզմամբ՝ ուսանողների հետ դեմ առ դեմ հանդիպումը, որը շատ ավելի արդյունավետ է, հատկապես՝ լաբորատոր աշխատանքների համար, համավարակի պայմաններում խնդիր է դարձել։ Անի Գալստյանի համոզմամբ՝ այսօր դպրոցից բուհ անցումը սահուն չի կատարվում։

Նույն այս մտահոգությանն է անդրադարձել նաև կրթության փորձագետ Լիլիթ Զաքարյանը․ «Թվում է՝ կրթական համակարգի տարբեր մասեր միմյանց հետ պետք է փոխկապակցված լինեն, բայց շատ քիչ աշակերտ ունենք, որ առանց պարապելու կարող է ընդունվել բուհ։ Աշակերտը 9 կամ 12 տարի սովորելով՝ իր ուժերով՝ առանց լրացուցիչ պարապելու, պետք է կարողանա ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություն»։

Անի Գալստյանն ասում է, որ Գորիսի պետական համալսարանը կանգնած է լուրջ խնդիրների առաջ, և համալսարանի վրա շատ հանգամանքներ բացասական ազդեցություն են թողնում։ Դրանցից են, օրինակ, ապրուստը հոգալու, հայրենիքի առաջ պարտքը կատարելու խնդիրները, որից հետո նոր՝ բուհ ընդունվելը։ Համալսարանի դիմորդների նվազմանը, ըստ դասախոսի, նպաստել է նաև 44-օրյա արցախյան պատերազմը։

«Մինչև պատերազմը շատ ուսանողներ էին գալիս Քաշաթաղից, բայց այսօր այդ շրջաններում հայ չի ապրում»,- նշում է Գալստյանը։

Կրթության փորձագետ Լիլիթ Զաքարյանն անդրադառնում է դպրոցական և բուհական խնդիրներին։ Նրա խոսքով՝ «չնչին գումարներով, որոնք գնում են դպրոց, անհնար է կրթություն ապահովել։ Միայն ուսուցիչների աշխատավարձերի հարցը չէ, այլև դպրոցների շենքային պայմանների ու ռեսուրսների հարցը։ Ուսուցիչների աշխատավարձերը այնքան ցածր են, որ որակյալ կադրերով ապահովվածությունը շատ դժվար է պատկերացնել»։

Խոսելով քոլեջի և բուհի կապի մասին՝ նա նկատում է, որ այն կրկին լիարժեք չէ։

Ըստ փորձագետի՝ այսօր բուհական կրթությունը նույնպես իրեն չի արդարացնում․ «Բուհական կրթությունը այսօր երկաստիճան է՝ բակալավր և մագիստրատուրա, բայց այսօր ես դժվարանում եմ ասել՝ մագիստրատուրան կայացե՞լ է, թե՞ ոչ։

Փորձագետը հավելում է՝ շարունակվող պատերազմներն ու մեծ թվով միգրացիան թույլ չտվեցին կրթության զարգացումը։

Գորիսի պետական համալսարանի հրավիրված դասախոս, պատմական գիտությունների թեկնածու Լիանա Նազարյանը ամենամեծ խնդիրը տեսնում է ուսանողների կողմից ոչ ճիշտ մասնագիտական ընտրություն կատարելու մեջ։

«Այսօր մեր կրթության խնդիրներից մեկը այն է, որ ուսանողը ավարտելով՝ իր մասնագիտությամբ չի աշխատում։ Մեր սովորողները այսօր ընդունվում են այն ֆակուլտետը և այն բաժինը, որն ավելի ռեյտինագային է և ճանաչված»,- ասում է Նազարյանը։ Նրա խոսքով՝ այդ խնդիրը գալիս է հենց դպրոցից, քանի որ աշակերտը չպիտի սովորի զուտ սովորելու և ավարտելու համար․ նա դպրոցական տարիներին պետք է ուսումնասիրի, տեսնի՝ ինչն է իր համար ավելի հոգեհարազատ։

Լիանա Նազարյանը, դասախոսելով Գորիսի պետական համալսարանում, գտնում է, որ մարզերում՝ դպրոցից մինչև բուհեր, սովորողների մեծ պակաս կա։ Դա պայմանավորված է տնտեսական և ֆինանսական վիճակով և հանգեցնում է որակյալ մասնագետների պակասի։

Էմիլիա Խաչատրյան, Գորիս

Մեկնաբանել