Զարեհ Սինանյանը փետրվարի 8-19-ը առաջին անգամ կայցելի Ֆրանսիայի հայ համայնք

Փետրվարի 1-ին Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյի հետ՝ քննարկելով Ֆրանսիայի հայ համայնք իր առաջիկա այցի մանրամասները: Սա Գլխավոր հանձնակատարի առաջին այցն է լինելու Ֆրանսիա և տևելու է փետրվարի 8-19-ը:

«Այցի ընթացքում Զարեհ Սինանյանը կմասնակցի Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի (CCAF) ամենամյա ընթրիքին։ Այնուհետև հանդիպումներ կլինեն հայկական կազմակերպությունների և կառույցների ներկայացուցիչների, քաղաքական գործիչներիի հետ, ինչպես նաև այցելություններ համայնքային եկեղեցիներ, դպրոցներ և մշակութային կենտրոններ:

Զարեհ Սինանյանը ընդգծեց ֆրանսահայ համայնքի կարևոր դերակատարությունը և այս դժվարին ժամանակներում անսասան աջակցությունը Հայաստանի ժողովրդին ու պետությանը։ Գլխավոր հանձնակատարը նշեց, որ Ֆրանսիա այցի առաջին նպատակն է համայնքին ներկայացնել սփյուռքի հետ աշխատանքի քաղաքականությունն ու ծրագրերը, ինչպիսիք են «իԳործ»-ը, Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնը, «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը և այլն, ինչպես նաև քաջալերել ֆրանսահայերին մասնակցություն ունենալ այս գործընթացներին։ Այցի երկրորդ նպատակն է քննարկել համայնքի և Հայաստանի միջև համագործակցության զարգացմանն ուղղված հետագա քայլերը:

Դեսպանը մեծ հետաքրքրություն ցուցաբերեց այս նախաձեռնության նկատմամբ և ընդգծեց Ֆրանսիայի քաղաքացիական հասարակության մեջ և մեր երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման գործում ֆրանսահայերի կարևոր դերը, հատկապես՝ տնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում: Դեսպանը և Գլխավոր հանձնակատարը պայմանավորվածություն ձեռք բերեցին կրկին հանդիպել Ֆրանսիա կատարած այցի ավարտին`մտքերի փոխանակման և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և Ֆրանսիայի դեսպանատան միջև համագործակցության խորացման նպատակով` ի շահ ֆրանս-հայկական երկկողմ հարաբերությունների»,- ասված է հանձնակատարի գրասենյակի տարածած հաղորդագրությունում։

Զարեհ Սինանյանի՝ Ֆրանսիա այցին ընդառաջ հայտարարություն է տարածել ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի Կենտրոնական կոմիտեն։ Հայտարարությունում նշվում է, որ Հայ Հեղափոխական Դաշնակցության Ֆրանսիայի «ամբողջ ընտանիքը՝ իր Հայ Դատի, երիտասարդական միավորներով, ուղեկից միություններով՝ ՀՄԸՄ, Համազգային, ՀՕՄ, ինչպես նաև իրեն ենթակա կառույցներով՝ մշակույթի տներ, դպրոցներ, քարոզչական միջոցներ», մերժում է որևէ հանդիպում Սինանյանի հետ։

Մեկնաբանել