Միջազգային հանրությունը չի կարող փոխարինել Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական կամքը․ Ավստրիայի ԱԳ նախարար

Միջազգային հանրությունը չի կարող փոխարինել կողմերի՝ Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական կամքը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 2-ին, Երևանում ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսին հայտարարեց Ավստրիայի Եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգը՝ անդրադառնալով հայ գերիների և միջազգային մարդասիրական կառույցների՝ Արցախ մուտքի արգելափակման հարցերին։

«Մենք գիտենք, որ վերքը դեռևս բաց է։ Մի շարք բաց խնդիրներ դեռևս առկա են՝ կարգավիճակի, սահմանների հարցը, բայց ես այժմ տեսնում եմ ճիշտ ուղղությամբ ձեռնարկվող քայլեր։ Ավստրիայի, Եվրամիության և ԵԱՀԿ-ի անունից եմ խոսում՝ մենք պատրաստակամ ենք օգնելու, բայց դուք պետք է ցանկանաք ընդունել մեր օգնությունը։ Ես հիմա տեսնում եմ պատրաստակամությունը ճիշտ քայլերի դիմելու և քաջություն է պահանջվում դրա համար»,- ասաց Ավստրիայի արտգործնախարարը։

Շալենբերգը նշեց նաև, որ սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերը՝ կարգավորում գտնելու չլուծված ԼՂ հակամարտությանը։

Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարարը աշխատանքային այցով փետրվարի 2-3-ը գտնվում է Հայաստանում։ Նրա պատվիրակության կազմում են ավստրիական 20 ընկերությունների ներկայացուցիչներ։ Փետրվարի 3-ին կայանալու է հայ-ավստրիական բիզնես համաժողով։ Այցի ընթացքում Երևանում կտրվի Ավստրիական զարգացման գործակալության աշխատանքի մեկնարկը։

Մեկնաբանել