Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են տարածաշրջանային կոմունիկացիաների հարցը

Աշխատանքային այցով Երևանում գտնվող Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հանդիպել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ։ Այս մասին հայտնում են Հայաստանի կառավարությունից։

Ըստ հաղորդագրության՝ հանդիպմանը մասնակցել են նաև «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրեն, կառավարման խորհրդի նախագահ Օլեգ Բելոզյորովը և Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

«Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի օրակարգային հարցերին, ինչպես նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման հեռանկարներին»,- նշված է հաղորդագրության մեջ։

Գրիգորյանն ու Օվերչուկը քննարկել են նաև ռուս-հայկական երկկողմ հարաբերությունների օրակարգային, այդ թվում՝ առևտրատնտեսական համագործակցության հարցեր․ «Երկուստեք ընդգծվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կարևոր դերը Հայաստանի տնտեսության համար և քննարկվել են կոնցեսիոն պայմանագրի շրջանակներում ընկերության հետ համագործակցության հետագա զարգացմանն առնչվող մի շարք հարցեր»։

***

2021-ի հունվարի 11-ին Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների հանդիպման արդյունքներով ստեղծվել էր տարածաշրջանում տնտեսական, առևտրային և տրանսպորտային կապերի ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խումբ՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների նախագահությամբ։

Փոխվարչապետների վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2021-ի դեկտեմբերի 1-ին Մոսկվայում։

2020-ի դեկտեմբերի 14-ին Բրյուսելում կայացել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ ՀՀ վարչապետը և Ադրբեջանի նախագահը վերահաստատել էին երկաթուղու վերագործարկման պայմանավորվածությունը։