Ռուբեն Վարդանյանը «Արմնյուզ»-ը չի գնել. լրատվամիջոցները սխալ էին

Ruben Vardanyan

#CivilNetCheck

Անի Գրիգորյան

Hraparak.am-ը հունվարի 21-ին «Ռուբեն Վարդանյանը դարձել է «Արմնյուզի» փայատեր» վերնագրով հոդված էր հրապարակել՝ որպես կայացած փաստ նշելով, թե «Արմնյուզ» հեռուստաընկերության սեփականատերերի ցանկում փոփոխություն է տեղի ունեցել, և գործարար Ռուբեն Վարդանյանը դարձել է ընկերության բաժնետեր։

Hraparak-ի այս տեղեկությունն արտատպել էին Sputnik Armenia-ն, Pastifo.am-ը, auroranews.am-ը և այլ կայքեր։

Հատկանշական է, որ մինչ այդ՝ հունվարի 18-ին, armdaily.am-ն էր պնդել, թե Վարդանյանը ձեռք է բերել «Արմնյուզի» բաժնետոմսերի 60 տոկոսը։

«Մեզ հայտնի դարձավ, որ արդեն իսկ աշխատակիցների հետ ժողով է եղել, հայտնել են, որ փետրվարի 20-ից թարմացված ծրագրով հեռուստաընկերությունը եթեր է մտնելու։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Ռուբեն Վարդանյանի հետ մասնաբաժին ունի նաև նախագահ Արմեն Սարգսյանը»,- գրել էր կայքը։

Վարդանյանը հերքում է

Ռուբեն Վարդանյանը, սակայն, ՍիվիլՆեթի հետ զրույցում հերքեց այս լուրը՝ ասելով, որ դա որևէ կապ չունի իրականության հետ։ Վարդանյանը նշեց, որ ներկայում լրագրողական դաշտում պրոֆեսիոնալ լրատվամիջոցները սակավ են։ «Ես վստահ եմ, որ մեծ պահանջ կա, եթե մենք ուզում ենք խոսենք նոր Հայաստանի մասին երեք լեզվով՝ ռուսերեն, հայերեն, անգլերեն […], երեք լեզվով մեդիա ունենանք, որը լինի պրոֆեսիոնալ, ոչ մեկից կախում չունենա, դա դժվար է, որովհետև աշխարհում դա քիչ է մնացել»,- նշեց Վարդանյանը՝ հավելելով, որ լուրջ մտածում են այդ գաղափարի մասին, քանի որ պահանջ կա, սակայն այս փուլում քայլեր չեն իրականացրել։

Սեփականատերերի ցանկում փոփոխություն չկա

Կառավարության էլեկտրոնային ռեգիստրում ուսումնասիրեցինք «Արմնյուզ» ՓԲԸ-ի իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիրը, որտեղ ևս փոփոխություն չի եղել․ որպես սեփականատերեր ներկայացված են «Քառյակ մեդիայի» անդամներ Միհրան Հակոբյանը, Արման Սաղաթելյանը, Սամվել Ֆարմանյանը և Կարեն Բեքարյանը։

Փաստացի և՛ Hraparak.am-ի, և՛ Armdaily.am-ի պնդումները, թե Ռուբեն Վարդանյանը դարձել է «Արմնյուզի» բաժնետեր, չի համապատասխանում իրականությանը։

Հատկանշական է, որ փետրվարի 2-ին Hraparak-ը նոր հոդված է հրապարակել այս թեմայով՝ նշելով, թե հեռուստաընկերությունը չի հաջողվել վաճառել։

«…անգամ հստակ լուրեր էին շրջանառվում հեռուստաընկերությունը գնելու ցանկություն ունեցողների, մասնավորապես՝ Ռուբեն Վարդանյանի մասին: Սակայն պարզվեց, որ այդ լուրերը խիստ չափազանցված են, և բոլոր գնորդները հրաժարվել են հեռուստաընկերությունը գնելուց»,- գրել է Hraparak.am-ը։

Մեկնաբանել