Վարչական դատարանը մասնակի բավարարեց Վարդենիսի ավագանու ՔՊ-ական անդամի հայցը

Փետրվարի 2-ին Վարչական դատարանը մասնակի բավարարեց Վարդենիսի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արամ Մելքոնյանի հայցը։

Հայցվորը պահանջում էր անվավեր ճանաչել Վարդենիս համայնքի ղեկավարի ընտրության արդյունքներին վերաբերող որոշումը, որով քաղաքապետ էր ընտրվել ընդդիմության թեկնածու Ահարոն Խաչատրյանը։ Դատարանը մասնակի բավարելով հայցը՝ անվավեր է ճանաչել այդ արձանագրային որոշումը. «Դատարանը մերժել է հետևանքների մասով հայցը։ Սա «անշառ» ակտն էր, որ դատարանն իր ազդեցությունների շրջանակում կկարողանար տալ։ Մեզ համար վճռի բովանդակությունն անհասկանալի է»,- նիստից հետո հայտարարեց Ահարոն Խաչատրյանի ներկայացուցիչ Վարազդատ Հարությունյանը։

Նա կարծում է, որ Ահարոն Խաչատրյանի ընտրության բուն գործընթացն անվավեր չի ճանաչվել։ Կողմը պատրասվում է բողոքարկել Վարչական դատարանի վճիռը վերաքննիչ ատյանում։

«Այս գործը մակագրման պահից մինչև հիմա ուղեկցվել է տարբեր անօրինական գործողություններով»,- նշեց Հարությունյանը։

ՍիվիլՆեթը փորձեց մեկնաբանություն ստանալ հայցվոր կողմից, սակայն Արամ Մելքոնյանի հետ կապ հաստատել չհաջողվեց։

2021-ի դեկտեմբերի 5-ի ընտրություններից հետո Վարդենիսում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացավ 12 մանդատ, ընդդիմադիր «Ահարոն Խաչատրյան» դաշինքը՝ 10 մանդատ, իսկ «Միասնական Վարդենիս»-ը՝ 5:

Ընդդիմադիր դաշինքները որոշեցին միավորվել, ինչի արդյունքում երկուսի ձայները գերազանցեցին ՔՊ-ին։ Իրավիճակը սրվեց կոալիցիա կազմելուց հետո, ՔՊ-ն բողոքարկեց ընտրության արդյունքները։ Ընդդիմադիրների որոշ քվեաթերթիկներ դարձան անվավեր, իսկ իշխող ուժինը՝ վավեր։ ՔՊ-ն ունեցավ 13, իսկ ընդդիմադիր ուժերը՝ 14 ձայն։ Այունհետև ընդդիմադիրները կոալիցիա կազմեցին և 2021-ի տարեվերջին Ահարոն Խաչատրյանին ընտրեցին համայնքապետ։

Ընդդիմադիր ուժի թեկնածուն՝ Ահարոն Խաչատրյանը, պետք է Վարդենիսի խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնը ստանձներ հունվարի 4-ին, սակայն այդ օրը ոստիկանությունը թույլ չտվեց երդման արարողությունն իրականացնել համայնքապետարանում։ Ընդդիմադիրներն արարողությունը կազմակերպեցին վարչական շենքի դիմաց։ Առ այսօր, սակայն, Ահարոն Խաչատրյանը հնարավորություն չունի մտնել Վարդենիսի համայնքապետի աշխատասենյակ, քանի որ, ըստ փաստաբանի, համայնքապետի աշխատասենյակի բանալին ու կնիքը «կորել են». այդպես են նրանց պարզաբանել քարտուղարությունից։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել