Սիմոնյանների «պահպանվող» առանձնատունը Ջրվեժում

Հովհաննես Նազարեթյան

Անի Գրիգորյան

ՀՀ նախագահի պարտականությունները ներկայում կատարող Ալեն Սիմոնյանը հաճախ է հայտնվում հանրության ուշադրության կենտրոնում՝ իր և հարազատների ձեռք բերած գույքի և եղբոր բիզնես գործունեության հետ կապված։ Թեև Սիմոնյանը պնդում է, թե իր՝ պաշտոնյա դառնալուց հետո իրենց կյանքում մեծ փոփոխություններ չեն եղել, սակայն այս ընթացքում Սիմոնյանները Ջրվեժում հասցրել են թանկարժեք առանձնատուն կառուցել։

Կադաստրի սխալը՝ շփոթության պատճառ

Փետրվարի 2-ին «Փաստերի ստուգման հարթակը» (Fip.am), հղում անելով կադաստրից ստացված փաստաթղթերին, գրել էր, որ Ալեն Սիմոնյանը չի հայտարարագրել իրեն պատկանող՝ Երևանի Աբովյան փողոց 62 հասցեում գտնվող բնակարանը։ Սիմոնյանը պնդեց, որ դա իր տատիկի բնակարանն է, և այն վաճառվել է դեռ տարիներ առաջ։ Ավելի ուշ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակեց այդ բնակարանի վաճառքի փաստաթղթերը, որոնցում երևում է, որ այն իսկապես վաճառվել է 2016-ի մարտին։

Փետրվարի 2-ին արդեն Կադաստրի կոմիտեն պարզաբանող հաղորդագրություն տարածեց, որում նշվում է, որ Սիմոնյանը, իրոք, 2016-ին վաճառել է այդ բնակարանը, իսկ Կադաստրի կոմիտեի կողմից Fip.am-ին տրամադրված տեղեկանքում հասցեի ներառումը «վրիպակ է եղել»։

Սիմոնյանը՝ կասկածելի գույքային բարելավման մասին

Հանրային հեռուստատեսությամբ փետրվարի 1-ին Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում Սիմոնյանը, պատասխանելով քննադատություններին, բացառեց իրենց կողմից կոռուպցիան։

«Եթե ես էլ կոռուպցիոներ լինեմ կամ որևիցէ մեկը, մենք դրանից չենք պլստա։ Մենք կպատժվենք, եթե նման ուղղությամբ գնանք։ […] Դա անհնար բան ա»,- հայտարարեց Սիմոնյանը և հավելեց, որ իր առօրյան ավելի սահմանափակ է հիմա, քան մինչ բարձրաստիճան պաշտոնյա դառնալը։

Սիմոնյանների առանձնատունը Ջրվեժում

Դեռ 2020-ի նոյեմբերին լրատվականները գրել էին, որ Ալեն Սիմոնյանը 215 հազար դոլարով երեքհարկանի առանձնատուն է գնել Ջրվեժում և այն գրանցել մոր՝ Մարինե Հովհաննիսյանի անունով։ Այդ ժամանակ Սիմոնյանը Fip.am-ի հետ զրույցում հերքել էր իր կողմից առանձնատուն գնելու տեղեկությունը՝ առանց նշելու, որ այն իր մոր և եղբոր կողմից է ձեռք բերվել։ Վերջինս հայտնել էր, թե իր ունեցածը վարկով գնված բնակարան է:

ՍիվիլՆեթը, սակայն, 2021թ. հոկտեմբերին պարզել էր, որ Ալեն Սիմոնյանի մայրն ու եղբայրը՝ Կառլեն Սիմոնյանը, 2020թ. օգոստոսին Ջրվեժում ձեռք են բերել առանձնատուն։ Այն գնել էին Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Տիգրան Ռաֆիկի Պետրոսյանից, որի 2020-ի տարեկան հայտարարագրում էլ նշված էր թե գործարքի, թե գործարքի մյուս կողմ հանդիսացած Սիմոնյանների մասին։

ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը (#CivilNetCheck) ուսումնասիրեց այդ առանձնատան կադաստրային գործը։ Ըստ կադաստրային գործի՝ Սիմոնյանի մայրը՝ Մարինե Սերգեյի Հովհաննիսյանը, առանձնատան հիմնական գնորդն է, իսկ եղբայրը՝ Կառլեն Ռոբերտի Սիմոնյանը, առքուվաճառքի և հիփոթեքի պայմանագրում նշված է որպես համավարկառու։ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի Այգեգործական զանգված 2-րդ թաղամաս թիվ 1 այգետնակ հասցեում գտնվող այս առանձնատունն ունի 467,7 քմ մակերես, իսկ հողամասի մակերեսը կազմում է 1 030 քմ։

Անշարժ գույքը Սիմոնյանի մայրը ձեռք է բերել 68 մլն դրամով, որից 38 միլիոնը Սիմոնյանները վաճառողին՝ Արուսյակ Ռոբերտի Պետրոսյանին (դատավոր Տիգրան Ռաֆիկի Պետրոսյանի կինն է) վճարել են պայմանագրի կնքման պահին։ Մնացած 30 մլն դրամը որպես վարկ վաճառողին տրամադրել է «Հայէկոնոմբանկ»-ը՝ 20 տարի մարման ժամկետով, տարեկան 9 տոկոս տոկոսադրույքով։

Սիմոնյանը փաստացի բնակվում է Ջրվեժի առանձնատանը

Չնայած 2021թ. օգոստոսին Ազգային ժողովի նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Սիմոնյանը պետք է տեղափոխվեր Կոնդի կառավարական ամառանոց բնակվելու, սակայն մինչ օրս չի տեղափոխվել, քանի որ, ըստ Սիմոնյանի մամուլի խոսնակի, նրա համար նախատեսվող առանձնատունը վերանորոգման մեջ է։

Սիմոնյանն, ըստ իր հայտարարագրի, բնակարան ունի Երևանի Եկմալյան 1/1 հասցեում գտնվող նորակառույց շենքում, որը նա ձեռք է բերել 2019-ին` 114 միլիոն դրամով։ Մինչ այդ Սիմոնյանը 125,9 մլն դրամով վաճառել էր նույն շենքում գտնվող ավելի փոքր մակերեսով բնակարանը, որը ձեռք էր բերել 2017-ին։

Սակայն Ալեն Սիմոնյանը փաստացի բնակվում է հենց Ջրվեժի առանձատանը։

Սիմոնյանները տունը գնելուց հետո այն շքեղ վերանորոգել են։ Yandex-ի քարտեզում պահպանվել են արխիվային լուսանկարներ, որոնցում երևում է տան վրա կատարվող շինարարությունը՝ 2020-ի և 2021-ի օգոստոս ամիսներին։

Google Maps-ում առկա է առանձնատան արխիվային լուսանկար՝ 2018-ի օգոստոսից։ Ստորև ներկայացնում ենք տան տեսքը՝ 2018-ին և հիմա։

Սակայն այստեղ հատկանշական է, որ Սիմոնյանների առանձնատանը կից տեղադրված է ոստիկանական պահակակետ, որտեղ շուրջօրյա հսկողություն է իրականացվում։

Ջրվեժում Սիմոնյանների առանձնատան հարևանությամբ գնտվող ոստիկանական պահակակետը։ Առանձնատունը երևում է աջ կողմում։

Արխիվային լուսանկարները փաստում են, որ մինչև 2021թ. օգոստոսն այդ պահակակետը չի եղել, այն տեղադրվել է Սիմոնյանի՝ ԱԺ նախագահ ընտրվելուց հետո։

Ըստ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 7-րդ հոդվածի՝ պետական պահպանություն է տրամադրվում միայն ԱԺ նախագահին. նրա հարազատները պետական պահպանության ենթակա չեն։ Այսինքն՝ պահակակետի ու այնտեղ գտնվող ոստիկանների առկայությունը կարող է բացատրվել միայն Սիմոնյանի՝ այնտեղ բնակվելով։

Այս տարվա հունվարի 5-ին՝ Սլեն Սիմոնյանի ծննդյան օրը, ՍիվիլՆեթի լրագրողները, պատահաբար անցնելով Սիմոնյանների առանձնատան կողքով, նկատել էին մեծ թվով ոստիկանների և պաշտոնատար անձանց, այդ թվում՝ վարչապետի և պաշտպանության նախարարի ծառայողական մեքենաները։ Ներսում հնչում էր բարձր երաժշտություն։ Ամենայն հավանականությամբ, պաշտոնյաները նշում էին Սիմոնյանի ծնունդը։ Տեղում ծառայություն իրականացնող ոստիկանները հորդորեցին «չհարամել տոնը» և հեռանալ տարածքից։

#CivilNetCheck-ի հետ զրույցում Սիմոնյանի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը օրեր առաջ հայտնել է, թե Սիմոնյանների առանձնատան կողքին ոստիկանները հսկողություն են իրականացնում, քանի որ Ալեն Սիմոնյանը «հաճախ է այնտեղ այցելում»։

Մենք կապ հաստատեցինք նաև Ալեն Սիմոնյանի եղբոր՝ Կառլեն Սիմոնյանի հետ, որը անդրադառնալով պահակակետի առկայությանը՝ նշեց, թե «երբ եղբայրն անտեղ է լինում, ըստ օրենքի, ոստիկանական պահակակետ պետք է լինի»։

Ոստիկանությունը, մինչդեռ, շուրջօրյա հսկողություն է իրականացնում այնտեղ, ինչը հակասում է Կառլեն Սիմոնյանի պնդմանը։

Կառլեն Սիմոնյանից հետաքրքվեցինք նաև, թե ինչ աղբյուրներից է գոյացել առանձնատան առքուվաճառքի պայմանագրի կնքման ժամանակ վճարված 38 մլն դրամը։ Սիմոնյանը հայտնեց, թե գումարը վճարել են իր և մոր խնայողություններից։ Սիմոնյանը նշեց, որ առանձնատունը փաստացի իրենց ամբողջ ընտանիքինն է։

Հիշեցնենք, որ Կառլեն Սիմոնյանը տնօրեն է հանդիսանում «Եվրոասֆալտ» ընկերությունում, որը պարբերաբար հաղթում է պետական գնումների մրցույթներում՝ ասֆալտապատման ոլորտում։ Սիմոնյանը նաև բետոնի արտադրությամբ զբաղվող «Թի էս քոնսթրաքշն» ընկերության փոխտնօրենն է։

Մեկնաբանել