Քաղաքացիներն ամենաշատը գոհ են ՄԻՊ աշխատանքից, ամենադժգոհը՝ Ազգային ժողովից․ հարցում

Հայաստանի քաղաքացիներն ամենաշատը գոհ են մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատանքից, ամենադժգոհը՝ Ազգային ժողովի գործունեությունից։ Այս մասին ՍիվիլՆեթը տեղեկանում է ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) նոր սոցիալական հարցումից:

Հարցումն իրականացվել է 1 512 քաղաքացիների շրջանում, ընդգրկել է նոյեմբերի 22-ից դեկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածը։ Հարցումներն իրականացվել են հեռախոսային եղանակով։

Քաղաքացիներն ամենաշատը գոհ են մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատանքից՝ 68% (35%-ը լիովին գոհ են, 33%-ը՝ որոշ չափով գոհ): Հաջորդը ոստիկանությունն է, որը նույնպես հարցման մասնակիցների 68%-ի դրական պատասխանին է արժանացել, բայց ի տարբերություն ՄԻՊ-ի՝ ոստիկանության աշխատանքից լիովին գոհ են 25%-ը, որոշ չափով գոհ՝ 43%-ը։ Երրորդը տեղական ինքնակառավարման մարմիններն են, նրանց աշխատանքից շատ գոհ են 22%-ը, որոշ չափով գոհ՝ 41%-ը։ Քաղաքացիներն ամենաշատը դժգոհ են Ազգային ժողովի աշխատանքից․ «չափազանց դժգոհ» է նշել հարցվածների 50%-ը, 17%-ը՝ «որոշ չափով» դժգոհ։

Վարչապետի գրասենյակի աշխատանքից շատ գոհ կամ որոշ չափով գոհ է 49%-ը, 48%-ը դժգոհ է կամ չափազանց դժգոհ, 4%-ը հրաժարվել է պատասխանել այս հարցին։ Վարչապետի գրասենյակի աշխատանքից ավելի շատ գոհ են 56 տարեկանից բարձր մարդիկ և գյուղաբնակները։ Հարցման մասնակիցները որոշ չափով ավելի դժգոհ են կառավարության աշխատանքից։ Եթե վարչապետի աշխատանքից շատ գոհ է 19%-ը, որոշ չափով գոհ՝ 30%-ը, ապա կառավարության դեպքում 13%-ն է շատ գոհ, 35%-ը՝ որոշ չափով գոհ։

«Որքանով եք բավարարված կամ դժգոհ զինված ուժերի աշխատանքից» հարցին 58 %-ը պատասխանել է, որ լիովին կամ որոշ չափով գոհ է, 37 %-ը՝ դժգոհ կամ որոշ չափով դժգոհ։ Բանակի ղեկավարության աշխատանքի վերաբերյալ հարցի դեպքում, սակայն, պատկերը հակառակն է՝ 40%-ը գոհ է, 54%-ը՝ դժգոհ։

Մեկնաբանել