Արցախի կառավարությունը չի տրամադրում շինարարական ընկերությունների պայմանագրերը

Հայկ Ղազարյան, Ստեփանակերտ

Սիվիլնեթի արցախյան թիմին 2021-ի հունիսից չի հաջողվում Արցախի քաղաքաշինության նախարարությունից տեղեկատվություն ստանալ վերջին 3,5 տարիներին շինարարական աշխատանքներ կատարած 5 խոշոր ընկերությունների վերաբերյալ։ Նախարարությունը չի տրամադրում նաև նրանց հետ կնքված պայմանագրերը։

Պատմությունը սկսվում է 2021-ի հունիսի 24-ից, երբ ՍիվիլՆեթը Արցախի քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանի խնդրել էր տրամադրել վերջին 3,5 տարում այն հինգ խոշոր ընկերությունների ցանկը, որոնք շինարարական աշխատանքներ են իրականացրել Արցախում, ինչպես նաև տեղեկատվություն՝ նրանց կատարած ու կատարվելիք աշխատանքների ծավալի՝ պայմանագրերով հատկացված ու հատկացվելիք գումարների մասին: Այդպես էլ չստանալով պատասխան՝ ՍիվիլՆեթը օգոստոսի 6-ին դիմել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանին։ Պաշտպանը լրագրող Հայկ Ղազարյանի բողոքն ընդունել է քննարկման:

Մարդու իրավունքների պաշտպանի միջնորդությունից հետո 2021-ի հոկտեմբերի 5-ին ՍիվիլՆեթը Արցախի քաղաքաշինության նախարարությունից ստացել է պատասխան։ Դրանում, սակայն, պահանջված տեղեկատվությունը չկա. տվյալներ չկան, թե քաղաքաշինական ինչ ծրագրերով են գումարները փոխանցվել, կոնկրետ երբ է կնքվել պայմանագիրը, արդյոք պայմանագրի կնքմանը նախորդել է գնման ընթացակարգ, թե ոչ։

Քաղաքաշինության նախարարության մամուլի ծառայությունը բացատրում է նախարարի խիստ զբաղվածությամբ։

Չստանալով մեզ բավարարող պատասխանը՝ որոշենինք այլ կերպ ձևակերպել հարցումը․ «Խնդրում ենք մեզ տրամադրել Արցախի կառավարության կողմից 2021-ի առաջին 9 ամիսների ընթացքում կնքված շինարարական և ճանապարհաշինական ծառայությունների մատուցման բոլոր պայմանագրերի պատճենները»:

«Աշխատանքային ծանրաբեռնվածությամբ և հարցվող նյութի մեծ ծավալով պայմանավորված՝ հնարավոր չէ Ձեզ տրամադրել պայմանագրերի պատճենները»,- նշվում է նախարարության պատասխանում։

«Տեղեկատվության ազատության մասին» Արցախի օրենքի 9-րդ հոդվածի համաձայն` եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունը դիմողին է տրվում դիմումն ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, որի մասին հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, գրավոր տեղեկացվում է դիմողին՝ նշելով հետաձգման պատճառները և տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը:

Քանի որ Քաղաքաշինության նախարարությունը ծանրաբեռնված էր աշխատանքով, ու հայցվող նյութը՝ պայմանագրերի պատճենների տրամադրումը մեծ ծավալի աշխատանք է պահանջում, առաջարկել էինք մեր օգնությունը նախարարության աշխատակիցներին․ «Նման աշխատանքային ծանրաբեռնվածության պայմաններում առաջարկում եմ իմ աջակցությունը։ Կարող եմ ներկայանալ նախարարություն և ձեր աշխատակիցներին օգնել՝ դասավորել և պատճենել (ցանկացած տիպի աշխատանք, ինչը իմ հնարավորությույնների սահմաններում է)»,- դիմել ենք նախարարությանը։

Կորոնավիրուսի կանխարգելմամբ պայմանավորված պարզվել է նախարարությունում սահմանափակված է աշխատողների և այցելուների մի գրասենյակում գտնվելու թվաքանակը, այդ իսկ պատճառով հնարավոր չէ օգնել նախարարության աշխատակիցներին։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ անցած տարի շինարարության ոլորտ շուրջ 50 միլիարդ դրամ է ուղղվել։ Իսկ շինարարական-վերականգնողական աշխտանքներին մասնակցել են 237 շինարարական ընկերություններ։

Հ․ Գ․ Փետրվարի 1-ին Արցախի քաղաքաշինության նախարարի ամփոփիչ ասուլիսին մեզ հուզող գլխավոր հարցն ենք տվել՝ ինչո՞ւ չեք տրամադրում հայցվող տեղեկատվությունը, ինչո՞ւ տեղեկատվության տրամադրման ժամկետը չեք նշում, ինչո՞ւ եք ուշացնում պատասխանները։ Դարձյալ նույն պատասխաններն են հնչել․ ծանրաբեռնված ենք աշխատանքով, 30-օրյա ժամկետը բավարար չէ նման ծավալի տեղեկատվություն տրամադրել։ Մինչդեռ փետրվարի 8-ին լրանալու է հարցման ուղարկելու չորրորդ ամիսը։

«Դուք ընտրեք, չգիտեմ, մինչև 100 հատ՝ կազմակերպություններ, օբյեկտներ, ամենախոշորը, և մենք ձեք կտրամադրենք տեղեկատվություն»,- ասաց նախարարը հարցուպատասխանի ժաանակ։ Իրականում, առաջին հարցում հենց այդպես էլ ձևակերպել էինք․ «Խնդրում ենք տրամադրել վերջին 3,5 տարում այն հինգ խոշոր ընկերությունների ցանկը, որոնք շինարարական աշխատանքներ են իրականացրել Արցախում, ինչպես նաև՝ նրանց կատարած ու կատարվելիք աշխատանքների ծավալը, և ըստ պայամանագրերի՝ նրանց հատկացված ու հատկացվելիք գումարները:

Մեկնաբանել