Հայաստանում հարցվածների մոտ կեսը կարծում է՝ Թուրքիայի հետ երկխոսություն պետք է, բայց սեփական օրակարգով

armenia turkey border

Հայաստանցիների 47 տոկոսը կարծում է, որ Հայաստանը Թուրքիայի հետ պետք է սկսի երկխոսություն և կարգավորի երկկողմ հարաբերությունները, միևնույն ժամանակ, հետամուտ լինի Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման օրակարգին․ այսպիսի տվյալներ է բերում ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI) իր նոր սոցիալական հարցման մեջ։

Այդ պնդման հետ որոշ չափով համաձայն է հարցվածների 26 տոկոսը, որոշ չափով համաձայն չէ 7 տոկոսը, բացարձակապես համաձայն չէ 18 տոկոսը։ Չգիտեր կամ պատասխան չուներ հարցվածների 2 տոկոսը։

Հարցվածների 48 տոկոսը լիովին համաձայն է, որ Հայաստանը Թուրքիայի հետ պետք է հաստատի երկկողմ հարաբերություններ՝ առաջ քաշելով սեփական նախապայմանները, օրինակ, որ Թուրքիան չխոչընդոտի խաղաղությունը Լեռնային Ղարաբաղում։

Այս պնդման հետ որոշ չափով համաձայն է հարցվածների 22 տոկոսը, որոշ չափով համաձայն չէ 5 տոկոսը, բացարձակապես համաձայն չէ 22 տոկոսը։ Չգիտեր կամ պատասխան չուներ հարցվածների 2 տոկոսը։

Հայաստանը որևէ պարագայում չպետք է գնա Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման․ այս պնդման հետ լիովին համաձայն է հարցվածների 29 տոկոսը, որոշ չափով համաձայն է 15 տոկոսը, որոշ չափով համաձայն չէ 25 տոկոսը, բացարձակապես համաձայն չէ 28 տոկոսը, չգիտեր կամ պատասխան չուներ հարցվածների 3 տոկոսը։

Ե՞րբ սկսել դելիմիտացիան և դեմարկացիան

Հարցման՝ «Պատերազմի ընկալում և արտաքին քաղաքականություն» բաժնում անդրադարձ կա նաև դելիմիտացիային և դեմարկացիային։ Այս գործընթացները սկսելու ժամկետների մասին հարցին ստացվել են հետևյալ պատասխանները։

Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորումից և Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելուց հետո՝ 25 տոկոս

Միայն Հայաստանի Զինված ուժերի վերականգնումից հետո՝ 16 տոկոս

Ներկայում այդ գործընթացի մեկնարկը չի բխում Հայաստանի ու Արցախի շահերից՝ 16 տոկոս

Որքան հնարավոր է շուտ՝ 15 տոկոս

Դելմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի սկզբունքների հստակեցումից հետո՝ 14 տոկոս

Գործընթացը սկսելուց առաջ սահմանի որոշակի հատվածներ պետք է ապառազմականացվեն՝ 4 տոկոս

Վերոնշյալներից ոչ մեկը՝ 4 տոկոս

Չգիտեր կամ պատասխան չուներ՝ 5 տոկոս

«Թուրքիայի հետ տրանսպորտային ուղիների բացումը ի՞նչ ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսական զարգացման վրա» հարցին ստացվել են հետևյալ պատասխանները։

Միանշանակ դրական՝ 6 տոկոս

Որոշ չափով դրական՝ 29 տոկոս

Ոչ դրական, ոչ բացասական՝ 8 տոկոս

Որոշ չափով բացասական՝ 17 տոկոս

Միանշանակ բացասական՝ 36 տոկոս

Չգիտեր կամ պատասխան չուներ 4 տոկոսը

«Ադրբեջանի հետ տրանսպորտային ուղիների բացումը ի՞նչ ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսական զարգացման վրա» հարցին ստացվել են հետևյալ պատասխանները։

Միանշանակ դրական՝ 5 տոկոս

Որոշ չափով դրական՝ 22 տոկոս

Ոչ դրական, ոչ բացասական՝ 10 տոկոս

Որոշ չափով բացասական՝ 14 տոկոս

Միանշանակ բացասական՝ 45 տոկոս

Չգիտեր կամ պատասխան չուներ 4 տոկոսը

Հարցումն իրականացվել է 1 512 քաղաքացիների շրջանում, ընդգրկել է նոյեմբերի 22-ից դեկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածը։ Հարցումներն իրականացվել են հեռախոսային եղանակով։