Հայաստանցիների 50%-ից ավելին Ռուսաստանին համարում է ամենակարևոր գործընկեր, 15%-ը՝ սպառնալիք․ հարցում

ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI) հրապարակել է նոր սոցիալական հարցման տվյալները, որից ՍիվիլՆեթն առանձնացրել է արտաքին քաղաքականությանը վերաբերող հատվածը։

Հարցումն իրականացվել է 1 512 քաղաքացիների շրջանում, ընդգրկել է նոյեմբերի 22-ից դեկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածը։ Հարցումներն իրականացվել են հեռախոսային եղանակով։

Քաղաքացիները Հայաստանի համար ամենակարևոր քաղաքական, տնտեսական, անվտանգային գործընկեր են համարում Ռուսաստանին, իսկ առավել մեծ սպառնալիք, ըստ հարցվածների 90%-ի՝ ներկայացնում է Թուրքիան։

Հայաստանի համար ամենակարևոր քաղաքական գործընկերը 57%-ի կարծիքով Ռուսաստանն է, 50%-ը կարծում է, որ Ֆրանսիան է, 38%-ը՝ ԱՄՆ-ն, 23%-ը` Իրանը։ Գրեթե նույն պատկերն է անվտանգության ոլորտում ամենակարևոր գործընկերների հարցում՝ Ռուսաստան 64%, Ֆրանսիա 32%, Իրան 31%, ԱՄՆ 26%: Որպես տնտեսական ամենակարևոր գործընկերներ, սակայն, հայաստանցիները նշել են՝ Ռուսաստան՝ 61%, Իրան 40%, Չինաստան 29%:

«Որ երկու երկրներն են առավել մեծ քաղաքական սպառնալիք ներկայացնում Հայաստանի համար» հարցին ի պատասխան քաղաքացիների 90%-ը նշել է Թուրքիա, 77%-ը՝ Ադրբեջան, 15%-ը՝ Ռուսաստան:

Հարցման մասնակիցների 92%-ը դրական է գնահատել Ֆրանսիայի հետ հարաբերությունների ներկա վիճակը, 80%-ը` Իրանի հետ հարաբերությունների վիճակը, 77%-ը` ԱՄՆ-ի, 75%-ը՝ Չինաստանի, 69%-ը՝ Եվրամիության և 64%-ը՝ Ռուսաստանի։ Միաժամանակ, «որ երկու երկրների հետ հարաբերությունները պետք է բարելավել Հայաստանի զարգացման համար» հարցին 53%-ը պատասխանել է, որ այդ երկիրը Ռուսաստանն է, 35%-ը կարծում է, որ դա ԱՄՆ-ն է, 29%-ը՝ Իրանը, 25%-ը՝ Ֆրանսիան, 15%-ը՝ Չինաստանը։

Մեկնաբանել