Մոտ 45 մլրդ դրամ․ Արցախում քաղաքաշինական ծրագրերը 2021-ին ռեկորդային են եղել

Նոր կառուցվող Ավան Արցախի Իվանյան գյուղի մոտ։

Արցախում քաղաքաշինական ծրագրերը 2021-ին ռեկորդային են եղել և ընդհանուր կազմել են 44,819 մլրդ դրամ։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի քաղաքաշինության նախարարության՝ 2021-ին կատարած աշխատանքների հաշվետվությունից։

Ըստ հաշվետվության՝ Արցախի քաղաքաշինության նախարարության պետական պատվերի ծավալը կազմել է 44,819 մլրդ դրամ, որից 19,35 մլրդ-ը արտաբյուջետային միջոցներ են։ Սա Արցախում երբևիցե կապիտալ ներդրումների ծրագրին հատկացված ամենախոշոր ծավալն է։

Սկսված են Մարտակերտ – Ներքին Հոռաթաղ – Ճանկաթաղ մայրուղու 27 կմ երկարությամբ ավտոճանապարհի կառուցման աշխատանքները, որը մոտ 20-25 կմ-ով կնվազեցնի գործող Ստեփանակերտ – Դրմբոն – Մարտակերտ ավտոճանապարհը։ Այն շահագործման կհանձնվի 2022-ին։

Կառուցվում են մայրուղուց՝ Դահրավ, մայրուղուց՝ Աստղաշեն – Պատարա ավտոճանապարհները, որոնք նույնպես շահագործման կհանձնվեն ընթացիկ տարում։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով ասֆալտապատվել են մայրուղուց՝ Կաղարծի – Պառավաթումբ, մայրուղուց՝ Վերին Հոռաթաղ և Կոճողոտ տանող ավտոճանապարհները։ «Հայաստան» համայկական հիմնադրամը Արցախում 38 մլրդ դրամի ծրագրեր է իրականացրել։

Արցախում քաղաքաշինության նախարարության պատվերով իրականացված աշխատանքներին մասնակցել է շինարարական 240, դուռ, պատուհան և շինանյութ մատարակակրող 51, նախագծային 54 և կահույքագործական 12 ընկերություններ։

Մեկնաբանել