Վարչապետի գրասենյակի աշխատանքից հայաստանցիների դժգոհությունը մեծացել է

Նիկոլ Փաշինյան

Հայաստանի քաղաքացիները երկրի ամենակարևոր խնդիրը համարում են սահմանային, տարածքային հարցերը։ Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտի իրականացրած հարցումներից, որը հրապարակվել է հունվարի 30-ին։

Հարցվածների 28%-ը հենց սահմանային խնդիրներն է համարել առաջնային։ Տնտեսականը և գործազրկությունը առաջնային խնդիր է համարել 4%-ը: 2021-ի մարտին նույն հարցումներով տնտեսական, գործազրկության հետ կապված խնդիրը առաջնային էին համարել հարցվածների 11%-ը։ 2021-ի մարտին, ի դեպ, հարցված քաղաքացիների 12%-ը որպես առաջնային խնդիր առանձնացրել էր Հայաստանի քաղաքական անկայունությունը, իսկ օրերս հրապարակված հարցումներում միայն 4%-ն է այդպես կարծում։

Թե 2021-ի մարտին, թե 2022-ի հունվարին հրապարակված հարցումներով հարցվածների 6%-ը առաջնային խնդիր է համարել կառավարության վատ աշխատանքը։ Անցած մարտի հարցումներով հարցվածների 6%-ը առաջնային համարել էր գերիների ու կորած անձանց վերադարձը, իսկ վերջին հարցումներով այն առաջնային է համարում հարցվածների 3%-ը։

Վերջին հարցումներով օմբուդսմենի գրասենյակի աշխատանքից շատ գոհ է եղել հարցվածների 35%-ը, որոշ չափով գոհ՝ 33%-ը։ 2021-ի մարտին հարցումների տվյալներով ՄԻՊ գրասենյակի աշխատանքը շատ լավ էր գնահատել 30%-ը, որոշ չափով լավ՝ ևս 30%-ը։ Երկու հարցումների համադրությունը ցույց է տալիս, որ ՄԻՊ ինստիտուտի հեղինակությունն աճել է։

Երկու հարցումների համադրությունը ցույց է տալիս նաև, որ վարչապետի գրասենյակի աշխատանքից դժգոհությունը մեծացել է. 2021-ի մարտին հրապարակած հարցումներով վարչապետի գրասենյակի աշխատանքը շատ բարենպաստ էր որակել հարցվածների 29%-ը, ևս 25%-ը համարել էր «որոշ չափով բարենպաստ»։ Նոր հարցումներով վարչապետի գրասենյակի աշխատանքը «շատ լավ» է գնահատել հարցվածների 19%-ը, «որոշ չափով լավ»՝ 30%-ը։

Հարցվածները ամենաշատը դժգոհել են Ազգային ժողովից, նախագահի գրասենյակից և դատարաններից, նաև՝ բանակի հրամանատարական կազմից։ 2021-ի մարտին հարցումներով ևս հարցվածները ամենաշատը դժգոհել էին Ազգային ժողովից, դատարաններից, նախագահի գրասենյակից։

https://www.civilnet.am/news/648744/%d6%84%d5%a1%d5%b2%d5%a1%d6%84%d5%a1%d6%81%d5%ab%d5%b6%d5%a5%d6%80%d5%b6-%d5%a1%d5%b4%d5%a5%d5%b6%d5%a1%d5%b7%d5%a1%d5%bf%d5%a8-%d5%a3%d5%b8%d5%b0-%d5%a5%d5%b6-%d5%b4%d5%ab%d5%ba-%d5%a3%d6%80%d5%a1%d5%bd%d5%a5%d5%b6%d5%b5%d5%a1%d5%af%d5%ab-%d5%a1%d5%b7%d5%ad%d5%a1%d5%bf%d5%a1%d5%b6%d6%84%d5%ab%d6%81-%d5%a1%d5%b4%d5%a5%d5%b6%d5%a1%d5%a4%d5%aa%d5%a3%d5%b8%d5%b0%d5%a8%d5%9d-%d5%a1%d5%a6%d5%a3%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%aa%d5%b8%d5%b2%d5%b8%d5%be%d5%ab%d6%81%e2%80%a4-%d5%b0%d5%a1%d6%80%d6%81%d5%b8%d6%82%d5%b4/

Մեկնաբանել