«Թրանսփարենսի»-ն Հայաստանը որպես «բռնազավթված իշխանություն» չի բնութագրել․ նախագահի թեկնածուն սխալվում է

Անի Գրիգորյան

#CivilNetCheck

ՀՀ նախագահի թեկնածու, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը փետրվարի 3-ին՝ կառավարության նիստից հետո, ճեպազրույցում հայտարարեց, որ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» կազմակերպության զեկույցներում Հայաստանը նշված է եղել որպես «բռնազավթված իշխանություն» (state capture): Խաչատուրյանը նաև համոզմունք հայտնեց, թե տարիներ շարունակ Հայաստանում առկա համակարգային կոռուպցիան ներկայում «իսպառ վերացել է»։

«Համակարգային կոռուպցիան, որը երկիրը տանում էր և տարել էր կործանման, որի մասին «Թրանսփարենսի ինթերնշնլը» տարիներ շարունակ գրում էր, Հայաստանի մասին առանձնահատուկ էր գրվում՝ համակարգային կոռուպցիա, այնտեղ նույնիսկ այսպես էր գրված՝ «բռնազավթված իշխանություն», այդպես էր ձևակերպումը, հիմա չկա»,- հայտարարեց նախագահի թեկնածուն՝ որպես օրինակ բելերով «Թրանսփարենսի ինթերնեշնլի» վերջերս հրապարակած Կոռուպցիայի ընկալման համաթիվը։

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» («ԹԻ») միջազգային կազմակերպությունը 1995 թվականից սկսած ամեն տարի հրապարակում է «Կոռուպցիայի ընկալման համաթիվ» զեկույցը, որը դասակարգում է աշխարհի երկրները՝ ըստ երկրի կոռումպացվածության ընկալման։ Հայաստանը դասակարգման մեջ ներառված է 1999-ից։

«Թրանսփարենսի»-ն Հայաստանը «բռնազավթված երկիր» չի համարել

Վահագն Խաչատուրյանի պնդումը, թե Հայաստանը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» զեկույցներում դասակարգվել է որպես «բռնազավթված երկիր», չի համապատասխանում իրականությանը։

ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ CivilNetCheck-ը, ուսումնասիրեց «Թրանսփարենսի ինթերնեշնլի» զեկույցները և որևէ մեկում չգտավ նման ձևակերպում կամ գնահատական։

Ինչ վերաբերում է համակարգային կոռուպցիա եզրույթին, ապա «Թրանսփարենսի»-ի համաթվի 50-ից ցածր միավորի դեպքում համարվում է, որ երկրում կա համակարգային կոռուպցիա։ Ներկա մեթոդաբանությամբ Հայաստանը համաթվում 2012-ից մինչև օրս մշտապես ունեցել է 50-ից ցածր միավոր։ Սա փաստացի նշանակում է, որ Հայաստանում վերջին տասնամյակում եղել է համակարգային կոռուպցիա։

Աղբյուր՝ transparency.org

Միևնույն ժամանակ, Հայաստանը 2018-ի հեղափոխությունից հետո էապես բարելավել է դիրքերը։ 2018-2020 թվականներին Հայաստանի միավորները աճել են՝ 35-ից 49-ի։

2021-ին՝ 2020-ի համեմատ, Հայաստանի դիրքը չէր փոխվել։ Դասակարգման սանդղակի մեջ 0-ն նշանակում է խիստ կոռումպացված, իսկ 100-ը՝ ոչ կոռումպացված։

Դասակարգման մեջ Հայաստանի համաթվի բարելավումն աշխարհում ամենամեծն է վերջին հինգ տարիների ընթացքում՝ +14։

Աղբյուր՝ transparency.org

Սակայն Խաչատուրյանի պնդումը, թե Հայաստանում համակարգային կոռուպցիայի մասին առանձնահատուկ էր գրվում, անհիմն է։

Հավաքների մասին

Լրագրողները Վահագն Խաչատուրյանին հարց ուղղեցին նաև ԱՊՊԱ ապահովագրավճարի թանկացումների դեմ վերջին օրերին բողոքող քաղաքացիներին բերման ենթարկելու դեպքերի մասին՝ նշելով, որ քաղաքացիները բողոք արտահայտելու իրենց սահմանադրական իրավունքը չեն կարողանում իրացնել։

«Ամենայն հավանականությամբ, այդ միջոցառումը, որը տեղի է ունեցել, օրենքի շրջանակում չի եղել»,- նշեց Խաչատուրյանը։ Նախագահի թեկնածուն նկատեց, որ բողոքի ակցիաները պետք է արվեն օրենքին համապատասխան։

«Դրա հատուկ ձևեր կան, ես ժամանակին լավ տիրապետում էի դրան։ […] Գոյություն ունի կարգ՝ դիմում են համապատասխան տեղ, և իրենց թույլատրում են իրենց բողոքը հայտնել։ Վերջ։»,- բացատրեց Խաչատուրյանը։

Լրագրողի դիտարկմանը՝ այսինքն, այլևս արգելվա՞ծ է մեր երկրում բողոքի ակցիաիներ անել, Խաչատուրյանը պատասխանեց․ «Լսեք՝ արգելված է շատ վաղուց, այդ թվում՝ ինձ էլ էր արգելվել՝ 2007-ին, 2006-ին, 2010-ին։ Մենք շատ սիրուն, օգտագործելով օրենքի համապատասխան տեղերը, կազմակերպում էինք առանց օրենք խախտելու»,- հակադարձեց նախագահի թեկնածուն՝ նշելով, որ արգելքը սահմանված է «Հանրահավաքների մասին» օրենքով։

Բոլոր հավաքները չէ, որ արգելված են

«Հանրահավաքների մասին» օրենքի 2-րդ գլխի 9-րդ հոդվածով սահմանվում է՝ հանրային հավաք անցկացնելու համար կազմակերպիչը գրավոր իրազեկում է լիազոր մարմնին, բացառությամբ՝ մինչև 100 մասնակից ունեցող, շտապ և ինքնաբուխ հավաքների։

Օրենքի 3-րդ գլխում մանրամասն ներկայացվում են մինչև 100 մասնակից ունեցող, ինքնաբուխ և շտապ հավաքները։ Այսպես, 24-րդ հոդվածի 1-ին մասով նշվում է, որ եթե կազմակերպչի հիմնավոր կարծիքով հավաքին մասնակցելու է ոչ ավելի, քան 100 մասնակից, ապա իրազեկում ներկայացնելը պարտադիր չէ։

Փաստացի Խաչատուրյանի պնդումը, թե բողոքի ցույցերն արգելված են և կարող են իրականացվել միայն լիազոր մարմնի թույլտվությամբ, չի համապատասխանում իրականությանը, քանի որ, օրինակ, մինչև 100 մասնակից ունեցող հավաքների դեպքում նման պահանջ չկա։

Ըստ նույն օրենքի 2-րդ հոդվածի՝ հավաքի վայր են համարվում պետական, համայնքային կամ մասնավոր սեփականություն հանդիսացող բացօթյա տարածքները՝ փողոց, մայթ, հրապարակ, այգի, պուրակ և այլն, կամ շինություններ, որոնք հավաքի անցկացման նպատակով մատչելի են յուրաքանչյուրի համար։

Ինչ վերաբերում է վերջին օրերին ԱՊՊԱ ապահովագրավճարի թանկացման դեմ հավաքների մասնակիցների քանակին, ապա հստակ թիվ դժվար է ասել, սակայն տեսանյութերի ուսումնասիրումից պարզ է դառնում, որ նրանց թիվը մի քանի տասնյակ է և չի հասնում 100-ի։

Մեկնաբանել