Հայաստանում բուստեր դեղաչափ ստանալու համար 3-6-ամսյա ժամկետ է սահմանվել

Խթանիչ պատվաստումների տոկոսը Հայաստանում բավականին ցածր է․ այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը։

Հայաստանում մի քանի ամիս է՝ հասանելի է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ խթանիչ (բուստեր) պատվաստումը։ ՍիվիլՆեթը քաղաքացիների շրջանում հարցում էր իրականացրել՝ պարզելու, թե տեղյա՞կ են՝ ինչ է խթանիչ պատվաստանյութը, և որ պարագայում կարող են պատվաստվել․ հարցված քաղաքացիների ճնշող մեծամասնությունը տեղյակ չէր բուստերի մասին։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը բացատրում է, որ «խթանիչ պատվաստումները իրականացվում են, որպեսզի պաշտպանիչ հակամարմինների արտադրությունը նորից սկսվի, և օրգանիզմը ապահովվի այդ պաշտպանողական մեխանիզմներով»։

«Խթանիչ պատվաստումները մենք առաջարկում ենք բոլոր մեծահասակներին՝ նույն սկզբունքով, ինչ առաջարկել ենք առաջին և երկրորդ դեղաչափերը, այսինքն՝ մարդիկ պարզապես պետք է այդ ամբողջական պատվաստաման կուրսը անցած լինեն, նոր դրանից հետո դիմեն խթանիչ պատվաստումների համար։ Հիմք ընդունելով ապացուցողական բժշկության տվյալները՝ մենք առաջնահերթությունը տալիս ենք ՌՆԹ պարունակող պատվաստանյութին, դրանք ամբողջ աշխարհում երկուսն են՝ Moderna և Pfizer պատվաստանյութերը, քանի որ այսօր մեր երկրում առկա է միայն Moderna տեսակի պատվաստանյութը, մենք խթանիչի համար առաջնահերթությունը տալիս ենք հենց դրան։ Երկրում առկա բոլոր պատավստանյութերից հետո Moderna-ն որպես խթանիչ բավականին էֆեկտիվ է։ Իհարկե, քաղաքացին իր ցանկությամբ կարող է շարունակել իր՝ ամբողջական պատվաստում ստացած տեսակով, օրինակ, եթե մարդը պատվաստվել է Sinopharm-ով ՝ երկու դեղաչափ, առաջնահերթ կարող է ստանալ Moderna-ի խթանիչ կամ իր ընտրությամբ կարող է շարունակել Sinopharm-ով»,- բացատրում է Գայանե Սահակյանը։

Հայաստանում սկզբնական շրջանում պատվաստանյութի երկրորդ դեղաչափից հետո բուստեր ստանալու համար կիրառվել էր պարտադիր 6-ամսյա ժամկետ, առանձին դեպքերում՝ քաղաքացու դիմելիության կամ գրավոր համաձայնության դեպքում, հնարավոր էր չորրորդ ամսից ժամկետը կրճատել։

«Այսօր, հաշվի առնելով մեր վիճակագրությունը և Օմիկրոն շտամի տարածելիությունը, մեր քաղաքականությանը մի փոքր ճկունություն ենք տվել, այսինքն, 3-6-ամսյա ժամկետ ենք այսօր ամրագրել՝ հաշվի առնելով ամբողջ աշխարհի փորձը, մեր երկրի առկա տեղեկատվությունը, մենք այդ քաղաքականությունը արդեն այսօր կիրառելու ենք՝ 3-6-ամսյա ժամկետով»,- ասաց Սահակյանը։

Խթանիչների միջև ընկած ժամանակահատվածները դեռ պարզ չեն։

«Այսօր այդ հարցին ոչ ոք չի կարող պատասխանել, հենց երկրորդ դեղաչափից հետո սկզբնական ժամկետ սահմանված էր 6 ամիսը, բայց Օմիկրոն շտամի շրջագայության ժամանակ երկրները հասկացան, որ 6 ամիսը շատ երկար ժամանակահատված է, և պետք է այն կրճատել։ Սկսվեց քաղաքականության փոփոխությունը, նույնը մեր երկրում տեղի ունեցավ։ Այսօր արդեն խոսվում է Օմիկրոնի ենթատեսակի մասին, որը շրջանառվում է շատ երկրներում, այն ավելի վարակիչ է, քան Օմիկրոնը։ Այս դեպքում գուցե 3 ամիսն էլ արդեն քիչ լինի, գուցե այլ սխեմա, այլ պատավստանյութ մշակվի, պետք է ապացուցողական բժշկության տվյալներով առաջնորդվենք»,- հավելեց Գայանե Սահակյանը։

Հունվարի 31-ի դրությամբ Հայաստանում պատվաստումների ընդհանուր թիվը 1 883 413 է․ առաջին դեղաչափ ստացել է 1 032 249 մարդ, ամբողջապես պատվաստված է 842 213-ը, բուստեր դեղաչափ ստացել է 8 951 քաղաքացի։

Լիա Ավագյան

Մեկնաբանել