ԵՊՀ-ն համագործակցության պայմանավորվածություններ է ձեռք բերել Կալիֆորնիայի բուհերի հետ

ԱՄՆ-ում գտնվող Երևանի պետական համալսարանի պատվիրակությունը համագործակցության պայմանավորվածություններ է ձեռք բերել Կալիֆորնիայի բարձրագույն կրթության հաստատությունների հետ, հայտնում է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը։

«ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և պատվիրակության անդամները գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանի հետ քննարկեցին Կալիֆորնիայի պետական և մասնավոր լավագույն համալսարանների և կրթական այլ հաստատությունների հետ համագործակցություն հաստատելու մտադրության գործնական ուղղությունները։ Համագործակցության օրակարգի կիզակետում էր նաև ամերիկյան կրթական հաստատությունների հայագիտական կենտրոնների հետ սերտ կապերի հաստատումը»,- ասված է հաղորդագրությունում։

ՀՀ գլխավոր հյուպատոսության կազմակերպմամբ հանդիպում է կայացել Նորթրիջում Կալիֆորնիայի պետական համալսարանի (CSUN) ռեկտոր Էրիկա Բեքի, պրոռեկտոր Մերի Ուոքերի և Հայկական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Վահրամ Շեմասյանի հետ․ «Հանդիպման մասնակիցները փոխադարձաբար ներկայացրին Երևանի և Կալիֆորնիայի պետական համալսարանները, ուրվագծեցին բնագավառները, որոք հեռանկարային են համագործակցության համար։ Կալիֆորնիայի պետական համալսարանի Նորթրիջի մասնաճյուղում սովորում են մի քանի հազար հայ ուսանողներ, ինչը լրացուցիչ գործոն կարող է ծառայել սերտ գործակցություն ծավալելու համար։ Ռեկտոր Էրիկա Բեքը սիրով ընդունեց ռեկտոր Հովհաննիսյանի առաջարկը՝ աշնանն այցելել Հայաստան՝ տեղում ԵՊՀ հնարավորություններին ծանոթանալու և համագործակցության հետագա ձևաչափը հստակեցնելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ։

ԵՊՀ պատվիրակությունն այցելել է նաև Գլենդեյլի Հանրային քոլեջ (GCC)։ Գլենդեյլի հանրային քոլեջի պատասխանատուները ներկայացրին քոլեջի կարուցվածքը, առանձնահատկությունները, կրթական հնարավորություններն ու բազմազգ ուսանողներին մատուցվող ծառայությունները։ Քոլեջում սովորում է 4600 հայ ուսանող, ինչը քոլեջի ղեկավարության համար ևս մեկ խթան է ԵՊՀ հետ գործակցելու կամուրջներ ստեղծելու համար։

«Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ ամռանն արդեն Գլենդեյլի հանրային քոլեջի ուսանողները հնարավորություն կունենան մեկ սեմեստր ուսումն անցկացնել ԵՊՀ-ում։ Համագործակցությունը կանոնավոր հիմքերի վրա դնելու համար, հանդիպման մասակիցները պայմանավորվեցին հաջորդ հանդիպմանը ստորագրել համագործակցության հուշագիր՝ նախապես համաձայնեցնելով փաստաթղթի նախագիծը և հստակեցնելով փոխադարձ հետաքրքրության ոլորտները»,- ասված է հաղորդագրությունում։

ԵՊՀ պատվիրակությունը հանդիպում ունեցավ նաև Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) Փրոմիս հայկական ինստիտուտի տնօրեն Անն Կարագոզյանի, ինչպես նաև նույն համալսարանի Հայկական ուսումնասիրությունների Նարեկացի ամբիոնի վարիչ Փիթեր Քաուիի հետ։ Քննարկվել են համագործակցության հարցեր։