Թուրքիա-Հայաստան չվերթների պատմությունը. ե՞րբ է եղել առաջին թռիչքը

Հայկ Հովհաննիսյան

#CivilNetCheck

Հայկական Fly One Armenia և թուրքական Pegasus Airlines ավիաընկերությունները փետրվարի 2-ից սկսեցին Երևան-Ստամբուլ-Երևան թռիչքները։ Fly One Armenia-ն այս ուղղությամբ թռիչքների թույլտվությունը ստացել էր 2021-ի դեկտեմբերին, իսկ Pegasus-ը՝ 2022-ի հունվարին։

Երկար դադարից հետո Երևան-Ստամբուլ-Երևան թռիչքների վերսկսումը բուռն քննարկումների առիթ դարձավ՝ հատկապես ՀՀ իշխանությունների կողմից Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման քայլերի ֆոնին։ Քննարկումեր ու փոխադարձ մեղադրանքներ հնչեցին նաև Ազգային ժողովում։ Այս թռիչքներում հատկապես «վտանգներ» ու թաքնված պլաններ տեսան «Հայաստան» խմբակցության պատգամավորները։

Ի պատասխան՝ «Քաղաքացիական պայմանագրից» (ՔՊ) պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը տվյալներ ներկայացրեց և հայտնեց, թե առաջին չվերթը դեպի Ստամբուլ կազմակերպվել է հենց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարության օրոք՝ 2003-ի հոկտեմբերի 16-ին:

ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ CivilNetCheck-ը, որոշեց ուսումնասիրել Հայաստանի և Թուրքիայի միջև օդային փոխադրումների պատմությունը՝ անկախությունից ի վեր երբ և ո՛ր ավիաընկերություններն են թռիչքներ իրականացրել։

Հայաստան և Թուրքիա փոխադրումները

Համաձայն Քաղավիացիայի կոմիտեից ստացված տվյալների՝ Հայաստանից Թուրքիա, մասնավորապես, Երևան-Ստամբուլ-Երևան ուղղությամբ թռիչքներ իրականացվել են դեռ 1980-ականներից։ Հայաստանի անկախացումից հետո «Հայկական ավիաուղիներ» ընկերությունն է իրականացրել նման թռիչքներ։

Քաղավիացիայի կոմիտեն հայտնում է, որ 1993-ի ապրիլի 5-ից թուրքական իշխանությունների որոշմամբ դադարեցվեցին «Հայկական ավիաուղիներ»-ի՝ Թուրքիայի օդային տարածքով թռիչքները, իսկ երկու օր անց ամբողջությամբ փակվեց Թուրքիայի օդային միջանցքը հայկական բոլոր օդանավերի համար։ Թուրքիայի կողմից այս սահմանափակումը մտցվել էր, երբ Արցախի հայկական ուժերը գրավել էին Քարվաճառը (Քելբաջար)։

Երկու տարի անց՝ 1995-ի ապրիլին, Թուրքիան վերաբացեց իր օդային տարածքը հայկական օդանավերի համար, և նույն տարվա հոկտեմբերից «Հայկական ավիաուղիները» շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ ոչ կանոնավոր (չարտերային) չվերթներ էր իրականացնում դեպի Ստամբուլ:

Դեպի Ստամբուլ չվերթներ եղել են նաև Քոչարյանի նախագահությունից առաջ

ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի պնդումը, թե դեպի Ստամբուլ առաջին չվերթը կազմակերպվել է 2003-ին՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում, սխալ է։ «Հայկական ավիաուղիները», փաստացի, այդ ուղղությամբ թռիչքներ իրականացրել է դեռ 1990-ականներից։ Սակայն 2003-ին այս ընկերությունը սնանկության գործընթաց սկսեց և դադարեցրեց գործունեությունը։

«Հայկական ավիաուղիների» ՏՈԻ-154 օդանավը «Զվարթնոց» օդանավակայանում, 2018թ․։ Հեղինակ՝ Alexander Lebedev։

Երևան-Ստամբուլ-Երևան չարթերային չվերթներ էր իրականացնում նաև 2001-ին ստեղծված «Արմավիա» ընկերությունը։ Ընկերության՝ այս ուղղությամբ թռիչքները շարունակվել են մինչև 2013-ը, երբ այն նույնպես սնանկության գործընթաց սկսեց։

Քաղավիացիայի կոմիետեն տեղեկացնում է, որ առնվազն 2015-ից՝ հայկական ավիաընկերությունները դեպի Թուրքիա չվերթներ չեն իրականացրել:

2003-ի հոկտեմբերի 16-ը, որը ՔՊ-ական պատգամավորը մատնանշում է որպես Երևան-Ստամբուլ առաջին թռիչքի տարեթիվ, ամենայն հավանականությամբ վերաբերում է Թուրքիայում գրանցված Tower Travel ընկերության իրագործած Ստամբուլ-Երևան առաջին թռիչքին։

«Էյր Արմենիա»-ի բեռնատար օդանավը Սաբիհա Գյոքչենի անվան Ստամբուլի օդանավակայանում, 2011թ․։ Հեղինակ՝ Ilgaz Deger։

Tower Travel-ը պատկանում էր հայազգի գործարար Տիգրան Ալթունին, որը թռիչքների կազմակերպման համար Հայաստանում համագործակցում էր հայկական «Բագրատ տուր» ընկերության հետ, իսկ ինքաթիռը վարձակալում էր թուրքական Fly Airlines ավիաընկերությունից։ 2006-ից սկսած՝ թռիչքները իրականացվում էին թուրքական մեկ այլ ավիաընկերութան՝ AtlasJet-ի ինքաթիռներով։ AtlasJet-ը 2015-ին անվանափոխվեց Atlas Global-ի և թռիչքները դեպի Հայաստան շարունակեց մինչև 2019-ի դեկտեմբեր և դադարեցրեց դրանք սնանկացման պատճառով։

Թուրքական Pegasus-ը առաջին անգամ չէ փորձում հայտնվել հայկական շուկայում։ 2017-ի ապրիլին այս ընկերությունը հայտարարել էր, որ նույն տարվա հունիսի 1-ից շաբաթը երեք անգամ Ստամբուլ-Երևան թռիչքներ կիրականացնի։ Ավելի ուշ հայտարարվեց, որ թռիչքների իրականացումը անորոշ ժամկետով հետաձգվել է։

Հատկանշական է, որ դեռևս 2013-ին ծրագրվել էին Երևան-Վան թռիչքներ։ Առաջին թռիչքը նախատեսված էր 2013թ. ապրիլի 23-ին: Թռիչքներն իրականացնելու էր թուրքական Borajet ավիաընկերությունը շաբաթական երկու անգամ: Այս թռիչքներն առաջացրել էին Ադրբեջանի խիստ մտահոգությունը, և դրանք սառեցվել էին։ 2019թ. մայիսի 30-ին պատմության մեջ առաջին անգամ տեղի ունեցավ Երևան-Վան չվերթը։ Թռիչքը կազմակերպեց Կիլիկիա տուրը, պատվիրատուն Համահայկական խաղերի համաշխարհային կազմկոմիտեն էր։ Թռիչքը տարանցիկ էր և իրականացվել էր վրացական ինքնաթիռով։

Մեկնաբանել