Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ընտրվել է Բրյուսովի համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահը

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ընտրվել է Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահը, հայտնում է բուհի պաշտոնական կայքը։

«Փետրվարի 4-ին տեղի ունեցավ «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը։ Օրակարգային առաջին երկու հարցերը վերաբերում էին Խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրությանը։ Միաձայն «կողմ» քվեարկությամբ Խորհրդի նախագահ ընտրվեց ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, իսկ քարտուղար՝ Համալսարանի գիտական քարտուղար Հասմիկ Փիլավջյանը»,- տեղեկացնում են համալսարանից։

***

2021-ի նոյեմբերի 6-ին այն ժամանակ փոխվարչապետ, այժմ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընտրվել էր Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ։ Իսկ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը 2022-ի հունվարի 21-ին դարձել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ «բուհեր գնում են ապակուսակցականացման սկզբունքը պահելու համար», բայց հեղափոխական Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ բոլոր բուհերը պետք է ապաքաղաքականացվեն։

Մեկնաբանել