55 ոչ մարտական կորուստ բանակում՝ 2021-ին

մահեր բանակում

Հայկ Հովհաննիսյան

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը վերջերս հարց բարձրացրեց Զինված ուժերում գրանցված ոչ մարտական կորուստների վերաբերյալ՝ նշելով, որ պաշտպանության նախարարը չի տիրապետում զինված ուժերում 2021-ին գրանցված մահերի թվին։

Բանակում ոչ կանոնադրական հարաբերություններով պայմանավորված միջադեպերն ու ոչ մարտական կորուստները մշտական խնդիր են։ Հազարավոր կյանքեր խլած՝ 2020-ի 44-օրյա պատերազմից հետո էլ Հայաստանի զինված ուժերում կորուստները շարունակվում են։
ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը (#CivilNetCheck) 2021-ի դեկտեմբերիին ներկայացրել էր պատերազմից հետո Հայաստանի և Արցախի զինված ուժերում զինծառայողների մահվան վիճակագրական տվյալները։ Ըստ դրանց՝ պատերազմից հետո մինչև 2021-ի դեկտեմբերի 14-ը զինծառայողների մահվան 105 դեպք էր գրանցվել։

2021-ին 57 ոչ մարտական մահվան դեպք

Գլխավոր դատախազությունից հետաքրքվեցինք, թե 2021-ին ընդհանուր մահվան քանի դեպք է գրանցվել զինված ուժերում։ Ըստ պատասխանի՝ գրանցվել է 76 զինծառայողի մահվան դեպք, որից 55-ը՝ ոչ մարտական պայմաններում:

Ոչ մարտական մահերում ներառված են ծառայության հետ և՛ կապ ունեցող, և՛ չունեցող դեպքերը։ Դրանք կազմում են ընդհանուր գրանցված մահերի 74%-ը։ Նախորդ տարի սահմանային միջադեպերի ժամանակ զոհվել է 17 զինծառայող, ևս 2 զինծառայող մահացել է դեռ 44-օրյա պատերազմի ժամանակ ստացած վիրավորումներից։

Loading...

Loading…

Ոչ մարտական մահերի հիմնական պատճառ են հիվանդությունները (30%), ավտովթարները (26%) և ինքնասպանությունները (16%)։

Դժբախտ պատահարները, ներքին սպանության դեպքերը, զենքի օգտագործման և մարտական ծառայության կրման կանոնների խախտման դեպքերը կազմում են խաղաղ ժամանակ արձանագրված մահերի 28%-ը։

Loading...

Loading…

Պաշտպանության նախարարությունից էլ ստացանք մահերի վերաբերյալ տեղեկատվություն։ Ըստ այդմ՝ 2021-ի ընթացքում ՀՀ զինված ուժերում ոչ մարտական պայմաններում գրանցվել է 42 զինծառայողի մահվան դեպք։ Այս թվում նախարարությունը չի ներառել Արցախի զինված ուժերում զինծառայողների մահվան դեպքերը։

Փետրվարի 2-ին «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը» հրապարակել է «ՀՀ և ԱՀ զինված ուժերում մահացության դեպքերի մասին» տեղեկանքը, որտեղ մանրամասն ներկայացրել է նախորդ տարում բանակում զինծառայողների մահացության հանգամանքները։ Ներկայացված տվյալները համապատասխանում են Գլխավոր դատախազության տրամադրած տվյալներին։

Մեկնաբանել