Ինչ կարող է կորցնել և ստանալ Հայաստանը Ռուսաստան-Ուկրաինա առճակատումից․ Էրիկ Հակոբյանի անդրադարձը

Իր հերթական հեղինակային հաղորդմանը ՍիվիլՆեթի քաղաքական մեկնաբան Էրիկ Հակոբյանն անդրադառնում է երկու թեմայի՝ Հայաստան- Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին և Ուկրաինա-Ռուսաստան հակամարտության՝ Հայաստանի տնտեսության ու քաղաքականության վրա հնարավոր ազդեցությանը։

Հայաստան-Թուրքիա հարաբերություններ

Սկսենք առաջին թեմայից։ Ինչպես նախկինում ասել եմ՝ այս հարցում բավական թերահավատ եմ․ Ըստ իս՝ սա ոչ մի տեղ տանող ուղի է, որովհետև թուրքական կողմը սրանից շահելու շատ քիչ բան ունի։ Սա ինչ-որ ձգձգվող խաղ է, որ նրանք խաղում են մեզ հետ։

Սակայն եկեք ենթադրենք, որ այս գործընթացը արդյունավետ կլինի, ինչն իր հերթին կհանգեցնի մի քանի արդյունքի։

Առաջինը, իհարկե, դիվանագիտական հարաբերությունների հաստատումն է, ինչը մեզ համար բացարձակ դրական բան է։ Ինչպես նախկինում նշել եմ՝ հայ դիվանագետները բղոքում էին հանգամանքից, որ Թուրքիաի հետ ուղիղ երկխոսելու խողովակներ չեն եղել։ Մեր հարևանների հետ խոսելու համար մեզ պետք չէ երրորդ կողմ, ուստի բոլոր առումներով սա պետք է լավ բան լինի։

Երկրորդը տրանսպորտային ուղիների հարցն է։ Ցանկացած միջոց, որով մենք մատչում կունենանք աշխարհին, իսկ աշխարհը՝ մեզ, ցանկացած տրանսպորտային միջոցով, կրկին լավ բան է։

Վերջապես ամենակարևորը բաց սահմաններն են և այն, թե ինչ կնշանակի սա մեր տնտեսության համար։ Այս առումով երկու երկրների միջև առկա է համաչափություն։ Հաշվի առնելով երկրի չափերը՝ Թուրքիան ներգրավված է ոլորտներում, որում մենք չկանք, լինի դա թեթև արդյունաբերությունը, թե այլ ոլորտ։ Հայաստանի ու Թուրքիայի միջև արդեն իսկ մեծածավալ ապրանքաշրջանառություն կա, Հայաստան ներկրվում են թուրքական ապրանքներ, և շատ բան չի փոխում այն հանգամանքը՝ նրանք գալիս են Վրաստանով, թե ուղղակիորեն սահմանը հատելով։

Թուրքական արդյունաբերությանը բնորոշ է մեծաքանակ նյութերի ներկրումը, վերամշակումը և արտահանումը։ Այն նման չէ Գերմանիային կամ Չինաստանին, որտեղ գործում են ամբողջական, միմյանց սնող արդյունաբերական համալիրներ։

Թուրքիան հիմնականում արտադրական հավաքման կետ է՝ էժան աշխատուժի շնորհիվ, սակայն կան ոլորտներ, որտեղ Թուրքայի տնտեսությունը մրցունակ է համաշխարհային մակարդակում, օրինակ՝ զբոսաշրջությունը, շինարարությունը, պտուղ-բանջարեղենի արտահանումը։

Եթե սահմանները բացվեն, մեզ համար ամենակարևորը կլինի պաշտպանել երկու խմբի՝ մեր ֆերմերներին և փոքր արտադրողներին, որոնց համար դժվար է լինելու մրցակցել ծավալների պատճառով, հատկապես ագրոբիզնեսում։

Երկրորդը տեքստիլ ոլորտն է, որը Հայաստանում շարունակում է զարգանալ։

Վերջինը աշխատանքի և ներգաղթի կարգավորումն է։ Հաշվի առնելով լիրայի շարունակական արժեզրկումը և այն, թե որքան աղքատ են պատմական Հայաստանի, Թուրքիայի՝ Հայաստանին սահմանակից շրջանները, շատ ավելի հեշտ կլինի բարձր աշխատավարձեր ստանալ Հայաստանում, օրինակ, շինարարության ոլորտում։ Պետք է գիտակից մոտենանք խնդրին, թե ինչպես սահմանափակել, վերահսկել կամ կարգավորել եկող աշխատուժը կամ ընդհանրապես դա թույլ չտալ։

Փակելով թեման՝ խոսենք մի միֆի մասին։ 1993-ին փակվել է Հայաստան-Թուրքիան սահմանը։ Իսկ միֆն այն է, որ սահմանը բացելով՝ Թուրքիան մեծ լավություն է անում Հայաստանին։ Դա այդպես չէ։ Դա այդպես կլիներ 1993-ին, բայց ոչ հիմա։ Այս երկրները և տնտեսությունը նույն տեղում չեն, ինչ երեսուն տարի առաջ։ Սահմանների բացումն ու առևտուրը շահավետ կլինի երկու կողմի համար էլ։ Ընդ որում, թուրքական կողմը ավելի շատ կշահի՝ հաշվի առնելով այն, թե որքան աղքատ են Հայաստանի հարևանությամբ նրա որոշ շրջաններ։

Ռուս-ուկրաինական հակամարտությունը և Հայաստանը

Անցնենք երկրորդ, ավելի կարևոր թեմային՝ ինչ է տեղի ունենում Ուկրաինայում։ Չեմ խոսի մանրամասներից, որովհետև լուրերին հետևողները տեղյակ են բանակցություններից, սպառնալիքներից ու պատերազմի մասին խոսակցություններից։ Դիտարկենք, թե ինչ ազդեցություն կունենա այս առճակատումը մեզ վրա՝ տնտեսապես ու քաղաքական առումով։ Ազդեցություններն իրականում մի քանիսն են, և շատ ավելի էական է տնտեսականը։

Կարճաժամկետ առումով՝ ռուսական ցանկացած ներխուժում կամ պատերազմ կհանգեցնի Ռուսաստանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցների կամ զուտ քաղաքական-ռազմական անկայուն իրավիճակի, ինչն իր հերթին կարժեզրկի ռուբլին։ Ռուսաստանը մեր առաջնային արտահանման երկրներից է, Հայաստանի արտահանումների մոտ քառորդ մասը գնում է այնտեղ։ Ուստի, երբ այն երկրները, որտեղ արտահանում ես քո արտադրանքը, աղքատանում են, դա չի կարող ազդեցություն չունենալ քեզ վրա։

Երկրորդ, մեծաթիվ դրամական փոխանցումներ են արվում Ռուսաստանում բնակվող ու աշխատող մեր հայրենակիցների կողմից։ Բնականաբար, ռուբլու արժեզրկման դեպքում նրանց ուղարկած գումարները ավելի քիչ արժեք կունենան Հայաստանում։

Երրորդը Ռուսաստանին SWIFT վճարային համակարգից հեռացնելու Արևմուտքի սպառնալիքն է։ Այն էլեկտրոնային վճարումների միջազգային համակարգ է, և որևէ երկրի այդ համակարգից հանելը հավասարազոր է նրա նկատմամբ պատերազմ հայտարարելուն։ Միակ երկիրը, որի հետ դա տեղի ունեցավ, Իրանն է, և դրա հետևանքով այդ երկրի տնտեսությունը գլխիվայր շուռ եկավ տարիներ առաջ։

Սակայն այստեղ դրական կետ կա․ եթե դու Ռուսաստանում գործող բիզնես ունես և այլևս չես կարող Ռուսաստանից գործարքներ կատարել, կցանկանաս տեղափոխել քո բիզնեսը մի պետություն, որը քաղաքականապես բարեկամական է, ունի կայուն արժույթ, պատշաճ գործող կենտրոնական բանկ, և Արևմուտքի հետ լավ հարաբերություններ։ Այս տարածաշրջանում այդպիսի երկիր Հայաստանն է։

Ինչ վերաբերում է սրա աշխատանքային միգրացիայի կողմին, ռուբլու արժեզրկումը ավելի ու ավելի կնվազեցնի Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնողների թիվը, բազմաթիվ աշխատողներ կմնան երկրում աշխատելու, ինչը կլրացնի աշխատողների պակասը։

Պետք է սրան նայել որպես հնարավորություն, որպեսզի Հայաստանը դառնա այն, ինչ Հոնգ Կոնգն էր կոմունիստական Չինաստանի համար՝ աշխարհի համար մուտքի կետ, ինչը շահավետ էր բոլոր կողմերի համար։ Արևմուտքը կարողանում էր Չինաստանի հետ առևտուր անել երրորդ կողմի միջոցով։

Որպես ամփոփում՝ կարևոր է հասկանալ, թե ինչ է Ուկրաինայի ու Ռուսաստանի միջև այս հակամարտությունը և ինչ չէ։ Պետք է հասկանանք, որ սա չի վերաբերում Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին միանալու հնարավորությանը․ բոլոր կողմերը գիտեն, որ նման բան երբեք տեղի չի ունենա։ Այդ հարցի շուրջ աշխարհի տերությունների ցանկացած բախում հավասազոր է, որ ճաղատները պայքարեն սանրի համար, այսինքն՝ դրա համար պայքարել չարժէ։

Ինչպես է սա ուղղակիորեն ազդում մեզ վրա՝ այն ըմբռնմամբ, որ Արևմուտքը այլևս չունի միջոց ու քաղաքական մտադրություն՝ իր կամքը թելադրելու աշխարհի այս կողմին կամ նրանց ազդեցության գոտու ծայրամաս հանդիսացող շրջաններին։ Ուստի, մենք պետք է հասկանանք՝ երբ խոսքը անվտանգության ու աշխարհաքաղաքականության մասին է,- չեմ խոսում տնտեսության ու մշակույթոի մասին,- Արևմուտքը գնալով ավելի ու ավելի քիչ դեր է խաղալու աշխարհի այս մասում, և մենք պետք է մեր ուղին գտնենք՝ առանց մտածելու, որ կա որևէ արևմտյան ուժ, որը դժվար իրավիճակում գալու է մեզ փրկի։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Մեկնաբանել