Երևանը նոր փոխքաղաքապետեր կունենա

Երևանի ավագանու փետրվարի 8-ի նիստում կքննարկվի երեք փոխքաղաքապետերի նշանակման հարցը։

Ըստ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի՝ քաղաքապետի տեղակալներին ներկայացնում է քաղաքապետը, նշանակում կամ ընտրում է Երևանի ավագանին։

Քաղաքապետի տեղակալների պաշտոններում առաջադրված են առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գլխավոր տնօրեն Ստեփան Մաչյանը, «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր, արդարադատության նախկին փոխնախարար Սուրեն Գրիգորյանը։

Ձախից աջ՝ Ստեփան Մաչյան, Սուրեն Գրիգորյան, Գևորգ Սիմոնյան

Երևանի ավագանին 2021-ի դեկտեմբերի 22-ի նիստին անվստահություն էր հայտնել քաղաքապետ Հայկ Մարությանին։ Ավագանին նոր քաղաքապետ էր ընտրել Հրաչյա Սարգսյանին, որը մինչ այդ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալն էր։

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հունվարի 17-ի և հունվարի 24-ի որոշումներով փոխքաղաքապետեր Սերգեյ Ներսեսյանը, Գայանե Մելքոմ Մելքոմյանը և Սերգեյ Հարությունյանն ազատվել էին զբաղեցրած պաշտոններից։