Ֆրանսիան դժգոհ է Արագածի լեռնադահուկային ծրագրում ՀՀ կառավարության մոտեցումից

Մկրտիչ Կարապետյան

Արագածի հարավային գագաթի հարևանությամբ «Արագեյթ ինվեսթմենթս» ընկերության կողմից լեռնադահուկային համալիր կառուցելու ներդրումային ծրագիրը անախորժություններ է առաջացրել Հայաստանի ու Ֆրանսիայի միջև։ ՍիվիլՆեթի տրամադրության տակ հայտնված տեղեկությունների համաձայն՝ ներդրումային ծրագրի ընթացքի վերաբերյալ Ֆրանսիայի արտաքին գործերի և Եվրոպայի հարցերով նախարարությունը դժգոհություններ է փոխանցել հայկական կողմին։ Նույն տեղեկությունների համաձայն՝ դեկտեմբերի 9-ին հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության աշխատանքային խմբի նիստում ֆրանսիական կողմը բարձրացրել է ծրագրի իրականացման հարցը։

Լեռնադահուկային համալիր՝ Արագածի լանջին

«Արագեյթ ինվեսթմենթս»-ը Արագածի փեշերին ներդրումային ծրագրի շուրջ բանակցությունները մեկնարկել էին դեռ 2019-ին։ Բյուրական, Ուշի, Ապարան, համայնքների վարչական տարածքում ընկերությունը նախատեսում էր կառուցել լեռնադահուկային համալիր՝ անհրաժեշտ ենթակառուցվածքներով։ Համալիրը ներառելու էր 120 կիլոմետրանոց դահուկուղիներ, ճոպանուղի, զիփլայններ, հյուրատներ, ռեստորաններ, ժամանցի այլ վայրեր։ Ծրագրով նախատեսվում էր նաև հիմնել արհեստական ձնարտադրման համակարգ, կազմակերպել ձմեռային սպորտաձևերի ուսուցում։ Ընդհանոր առմամբ, ծրագիրը գնահատվել էր առնվազն 300 միլիոն դոլար։ Ծրագրի համար անհրաժեշտ մակերեսը կազմում էր մոտ 5 500 հեկտար։ «Արագեյթ ինվեսթմենթս»-ի սեփականատերը խոշոր գործարար Նիկոլայ Սարկիսովն է։ Արագածի լանջին ծրագիրն իրականացնելու էր հանձնվելու էր Société des 3 Vallées ֆրանսիական ընկերությունը, որը Ֆրանսիայում հանրահայտ Քուրշևել հանգստավայրի կառավարիչ ընկերությունն է։

Հանգստավայրը ձմեռային զբոսաշրջության խոշորագույն կենտրոններից է։ 2020-ին ընկերության շրջանառությունը գերազանցել է 60 միլիոն եվրոն։ Société des 3 Vallées-ի ներկայացուցիչները անցած մի քանի տարիներին եղել են Հայաստանում, ուսումնասիրել Արագածի այդ հատվածի տարածքը։ 2020-ի հունվարին «Արագեյթ ինվեսթմենթս»-ը համագործակցության հուշագիր էր կնքել Քաղաքաշինության կոմիտեի հետ, կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանն այցելել էր Քուրշեվել, ծանոթացել լեռնադահուկային համալիրին։

Société des 3 Vallées ընկերության հիմնական բաժնետերը Ֆրանսիայի Սավոյ շրջանի շրջանային խորհուրդն է ու ըստ էության սա ևս պատճառներից մեկն է, որ Ֆրանսիայի պետական տարբեր գերատեսչություններ հետաքրքրված են ծրագրի հետագա ընթացքով։

Այլ ներդրող՝ նույն վայրում

Արագածի վրա՝ նույն հատվածում կառավարությանը ներդրումային ծրագիր էր ներկայացրել նաև «Ռիդ» ՍՊԸ-ն, որը պատկանում է ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Գրիգորյանին։ Վերջինս հայտնի է Ռուսաստանում կառուցապատող իր ընկերությամբ՝ «Ռուցոգ-ինվեստ»-ով։ Ընկերությունը մի քանի խոշոր, բազմաֆունկցիոնալ համալիրների շինարարական նախագծեր է իրականացրել Ռուսաստանում։ 2021-ի մայիսին Ապարան համայնքի ավագանին որոշում է հավանություն տալ «Ռիդ»-ի ծրագրին, որով նախատեսվում է Արագածի լեռնագոգին էկո-գյուղատնտեսական, տուրիստական, լեռնադահուկային համալիր հիմնել։ Այս ծրագիրը ներառելու էր մոտ 4 000 հեկտար՝ բաղկացած էր լինելու 300 ֆերմերային տնտեսություններից, գյուղմթերքի շուկայից, ջրամբարից, ճոպանուղուց, դահուկուղիներից, հյորանոցային համալիրից։ Ծրագրի շրջանակում «Ռիդ»-ի ներկայացուցիչները ևս համագործակցության հուշագիր էին ստորագրել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ։ «Ռիդ»-ը նախատեսում է ծրագրի համար ներդնել 200 միլիոն դոլար։

Քանի որ երկու ընկերություններ ըստ էության համընկնող վայրում ներդրումային ծրագրեր էին ներկայացրել, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվում է երկու ծրագրերը ուսումնասիրող ու գնահատող հանձնաժողով։ Էկոնոմիկայի նախարարությունից պատասխանելով Սիվիլնեթի գրավոր հարցմանը։ Փոխնախարար Նարեկ Տերյանը հայտնել է, որ «հանձնաժողովի անդամները գնահատել են երկու ներդրումային ծրագրերը, և գնահատման ամփոփման արդյունքում «Ռիդ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ներդրումային ծրագիրը «Արագեյթ ինվեսթմենթս» ՓԲԸ-ի կողմից ներկայացված ներդրումային ծրագրի համեմատ ստացել է առավել բարձր միավոր»։ Փոխնախարարը նաև հայտնել է, որ միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը ներկայացվել է կառավարություն, ինչպես նաև տեղեկացվել են ներդրող ընկերությունները։

«Արագեյթ ինվեսթմենթս»-ը հայտնում է՝ հետագայում էկոնոմիկայի նախարարությունից պարզաբանումներ է խնդրել միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացության, ծրագրերին կողմ ու դեմ քվեարկած անձանց անհատական քվեարկությունների վերաբերյալ, որոնք սակայն չեն տրամադրվել։ Էկոնոմիկայի նախարարությունից ընկերությանը փոխանցել են՝ «հանձնաժողովն ունի ընդամենը մասնագիտական կարծիք տրամադրելու, այլ ոչ թե վերջնական որոշում կայացնելու լիազորություն»։ «Ռիդ»-ի ծրագրի հետ կապված մշակվել է իրավական նախագիծ, որը այժմ քննարկվում է շահագրգիռ գերատեսչությունների հետ։

Ֆրանսիան կապի մեջ է Էկոնոմիկայի նախարարության հետ

Ինչպես նշվեց, «Արագեյթ ինվեսթմենթս»-ի հետ կապված ծրագրի ընթացքը մտահոգել է Ֆրանսիային։ Ֆրանսիական կողմը հարցը նախ բարձրացրել է հայ-ֆրանսիական տնտեսական համաժողովի աշխատանքային նիստում, ապա դրան հաջորդած ժամանակահատվածում գրագրություն է վարել Հայաստանի արտգործնախարարության ու էկոնոմիկայի նախարարությունների հետ։ Նիստում հայկական պատվիրակությունը գլխավորել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

ՍիվիլՆեթը ԱԳՆ-ին գրավոր հարցում էր ուղարկել՝ խնդրելով տեղեկացնել՝ արդյոք նիստի օրակարգում եղել է «Արագեյթ ինվեսթմենթ»-ի ծրագիրը և արդյոք ֆրանսիական կողմից ծրագրի ընթացքի վերաբերյալ դժգոհություն է փոխանցվել հայկական կողմին։ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության պետ Սերոբ Բեջանյանից ստացված պատասխանում նշված է. «Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության զարգացման նպատակով ֆրանսիական կողմին ներկայացված փաթեթում ներառված չի եղել «Արագեյթ ինվեսթմենթս» ընկերության կողմից իրականացվելիք լեռնադահուկային համալիրի կառուցման ծրագիրը։

Սերոբ Բեջանյանը բանավոր զրույցում նաև պարզաբանեց՝ այս ծրագիրը նշված նիստում ընդհանրապես չի քննարկվել։

Էկոնոմիկայի նախարարությունն իր հերթին տեղեկացրել է, որ Ֆրանսիայի կառավարությունից կամ պաշտոնական գերատեսչություններից ծրագրի վերաբերյալ պաշտոնական գրություններ չի ստացել և քննարկումներ չի ունեցել։ Société des 3 Vallées ընկերության տնօրեն Պասկալ դը Տիերսանթը, մինչդեռ, հակառակն է պնդում. ՍիվիլՆեթին նա հայտնել է, որ հարցը իսկապես քննարկվել է հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության աշխատանքային նիստում, իսկ ներկայում էլ Ֆրանսիայի ԱԳՆ-ն բանակցում է Հայաստանի էկոնոմիկայի նախարարության հետ։

Պասկալ դը Տիերսանթ

ՍիվիլՆեթի հարցին, թե արդյոք ծրագիրը քննարկվե՞լ է դեկտեմբերին կայացած հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության աշխատանքային խմբի նիստում, Պասկալ դը Տիերսանթը դրական պատասխան է տվել ու հավելել՝ «դա միակ իրական նախագիծն է Հայաստանում ֆրանսիական հայտնի ընկերությունների մասնակցությամբ, որը կարող է ֆրանսիական գերազանցությունը կարող է բերել Հայաստան։ Նա նաև հայտնել է, որ Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոթը շարունակաբար աջակցել է ծրագրին ու այն համարել «ֆրանսիական հիմնական ներդրումային ծրագիրը Հայաստանում»։ «Ավելի քան 18 ամիս և ֆինանսական ու այլ ռեսուրսներ ենք ծախսել Արագածոտնի մարզում ավելի քան 5 000 հա տարածք հայտնաբերելու, ձյան ծածկույթի, քամու, կլիմայի, ջրային ռեսուրսների մասին տեղեկատվություն ստանալու, տարածքի տեխնիկատնտեսական հիմնավորում իրականացնելու, ներառյալ՝ սկսնակ, միջին մակարդակի և պրոֆեսիոնալ դահուկորդների և սպորտային այլ միջոցառումների համար գնահատումները: Հայաստանի իշխանությունները, այդ թվում՝ քաղաքաշինության կոմիտեն, էկոնոմիկայի նախարարությունը, կադաստրի կոմիտեն և Արագածոտնի մարզպետարանը տեղյակ են այս ամբողջ աշխատանքի մասին»,- նշում է Պասկալ դը Տիերսանթը՝ հավելելով, որ «Արագեյթ» ծրագրի վերաբերյալ հաղորդակցությունը Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության և Հայաստանի էկոնոմիկայի նախարարության միջև դեռ շարունակվում է։