Հայկ Հովհաննիսյան
#CivilNetCheck
Թեև նախընտրական շրջանում Ազգային ժողովի պատգամավորները տպավորություն են ստեղծում, թե մեծ եռանդով զբաղվելու են օրինաստեղծ աշխատանքով, սակայն ինչպես ցույց է տալիս փորձը՝ ընտրվելուց հետո շատերն անգամ քվեարկություններին չեն ներկայանում։
Այսպես, ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը (#CivilNetCheck-ը) ամփոփել է 8-րդ գումարման Ազգային ժողովի երկու նստաշրջաններում պատգամավորների մասնակցության մասին տվյալները, պարզել է, թե որ պատգամավորներն են անհարգելի բացակայել և արդյոք դա ազդել է նրանց վարձատրության վրա։
Ամենաշատ բացակայած պատգամավորները
8-րդ գումարման Ազգային ժողովի աշխատանքը մեկնարկեց 2021-ի օգոստոսին, իսկ արդեն սեպտեմբերին մեկնարկեց երկրորդ նստաշրջանը՝ մինչև տարեվերջ։
Ըստ Ազգային ժողովից ստացված տվյալների՝ 8-րդ գումարման ԱԺ-ում տեղի է ունեցել 181 քվեարկություն և գրանցում (օգոստոսից-դեկտեմբերի ընթացքում)։ Դրանցից ավելի քան 83%-ին բացակայել է ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, իսկ նույն խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ներկա չի եղել քվեարկությունների 69%-ին։
Նրանց հաջորդում են «Պատիվ ունեմ» խմբակցությունից Արթուր Վանեցյանը (66%) ու խմբակցությունից դուրս եկած Իշխան Զաքարյանը (61%):
Այս ցուցակում ներառված չեն «Հայաստան» խմբակցության այն անդամները, որոնք կալանավորված են եղել։
Ցուցակում հաջորդում են «Հայաստան» դաշինքից Արթուր Ղազինյանը (56%), «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Դավիթ Դանիելյանը (54%) և Խաչատուր Սուքիասյանը (53%)։
Երբ են դադարում պատգամավորի լիազորությունները
Ըստ Սահմանադրության 98-րդ հոդվածի 2-րդ մասի՝ պատգամավորի լիազորությունները դադարեցվում են կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայելու դեպքում։
Սակայն պատգամավորների այս բացակայությունների մի մասը հարգելի է ճանաչվել։ ԱԺ կանոնակարգ օրենքի 156-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորի բացակայությունը համարվում է հարգելի, եթե նա գտնվել է գործուղման մեջ, բացակայել է պաշտոնական պարտավորություններից ելնելով, զրկվել է ԱԺ դահլիճում գտնվելու իրավունքից, կալանավորվել է, ինչպես նաև շահերի բախման պատճառով կամ խմբակցության դիրքորոշմամբ հրաժարվել է մասնակցել քվեարկությանը։
Բացի այդ, պատգամավորը կարող է բացակայության հիմնավորմամբ գրություն ներկայացնել Ազգային ժողով, և ԱԺ նախագահի որոշմամբ բացակայությունը կարող է համարվել հարգելի։ Ընդ որում՝ պատգամավորների ներկայացրած դիմումները հրապարակելի չեն և փաստացի ԱԺ նախագահը կարող է կամայական որոշումներ կայացնել։
Բացառելով հարգելի համարված բացակայությունները՝ պատկերը որոշակիորեն փոխվում է և ստացվում է, որ կիսամյակի ընթացքում ամենաշատ անհարգելի բացակայողը իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն է։
Նա կիսամյակի ընթացքում անհարգելի ներկա չի եղել քվեարկությունների 43%-ին, իսկ կիսամյակի երկրորդ նստաշրջանի ընթացքում՝ կեսից ավելիին: Նրան են հաջորդում ընդիմադիր երեք պատգամավորներ։
Պնդում են՝ աշխատավարձերից պահել են
Ինչ վերաբերում է բացակայած պատգամավորների աշխատավարձերին, ապա ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից հայտնեցին, որ անհարգելի բացակայությունների համար պատգամավորների աշխատավարձերից ամսական կատարվել են համապատասխան չափով պահումներ։
Տեղեկացրին նաև, որ բոլոր պատգամավորները տարեվերջին ստացել են պարգևավճար՝ անկախ բացակայությունների թվից։
Parliamentmonitoring-ի տվյալներն ամբողջական չեն
Լրագրողները պատգամավորների բացակայությունը և օրենսդրական ակտիվությունը պարզելու համար հաճախ օգտվում են parliamentmonitoring.am կայքից, որը մշտադիտարկում պատգամավորների աշխատանքը։ #CivilNetCheck-ը պարզեց, որ կայքում ներկայացված տվյալները ամբողջական չեն և ցուցադրվում են միայն օրակարգային հարցերին և օրենսդրական նախագծերին պատգամավորների քվեարկությունները։