Ֆրանսիայից մինչև Հարավային բևեռ՝ առանց մի դրամ ծախսելու

22-ամյա ֆրանսիացի Անտուան Վալենսան առանց մի դրամ ծախսելու 14 երկրի տարածքով հասել է Ինդոնեզիա: Երիտասարդը, որի վերջնական նպատակը Հարավային բևեռ հասնելն է, սնվում է մնացորդներով և քնում տաճարներում:

Անտուան Վալենսայի արկածները սկսվել են 2011թ. հոկտեմբերի 22-ին: Նա ուներ ընդամենը 200 եվրո, որն անհրաժեշտ էր մուտքի արտոնագրեր ստանալու համար: Ֆրանսիացի ուսանողի ցանկությունն է ապացուցել, որ աշխարհը տեսնելու համար փողը պարտադիր նախապայման չէ: «Ես պարզապես ցանկանում եմ պարզել՝ հնարավոր է գոյատևել առանց դրամական միջոցների»,- ասում է արկածախնդիր ճամփորդը:

Յոթ ամսվա ընթացքում երիտասարդն անցել է Իտալիայի, Սլովենիայի, Խորվաթիայի, Ալբանիայի, Հունաստանի, Թուրքիայի, Իրանի, Հնդկաստանի, Թաիլանդի, Մալայզիայի և, վերջապես, Ինդոնեզիայի տարածքով:

«Ես կարող եմ որտեղ ասես սննունդ ու միրգ գտնել, դա շատ հեշտ է: Երբեմն շուկաներում գետնից թափված մթերք եմ վերցնում»,- պատմել է Անտուանը՝ հավելելով, որ խորտկարանները նույնպես բավական օգտակար են, սակայն ոչ թե անվճար սննդի, այլ համացանցի հնարավորության համար:

Անտուան Վալենսայի խոսքով՝ գիշերելու հարցը նույնպես հեշտ է լուծել. տաճարաներն ու բարեգործական ընկերությունները միշտ էլ պատրաստ են օթևան տրամադրել իր պես մարդկանց:

Ներկայում Անտուանը շարժվում է Բալիի հարևանությամբ գտնվող Լոմբոկ կղզով դեպի Սումբավա և Կոմոդո, որից հետո մտադիր է Ավստրալիայի և Նոր Զելանդիայի տարածքով հասնել Հարավային բևեռ:

Մեկնաբանել