Կատարվողը իրավական պետության քայքայումն է․ Ռոբերտ Քոչարյանը՝ դատավոր Բախշիյանի կալանավորման մասին

Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը հայտարարություն է տարածել, որով դատապարտում է Սյունիքի քաղաքապետերի և «Սիսական» ջոկատի հրամանատարին ազատ արձակած դատավոր Բորիս Բախշիյանի կալանավորումները։ Ըստ նրա՝ իշխանությունների կողմից «կատարվողը իրավական պետության քայքայումն է՝ միջազգային կառույցների լուռ աջակցությամբ»։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Հայաստանի և Արցախի առջև ծառացած չափազանց բարդ մարտահրավերների պարագայում, այս իշխանություններն ամբողջ ռեսուրսը կենտրոնացրել են ընդդիմադիրներին հետապնդելու, խոշտանգելու, ամեն գնով կալանավորելու և գերագույն ճիգերով կալանքի մեջ պահելու գործին: Բացառապես իրենց քաղաքական հայացքների համար կալանավորված են Առուշ Առուշանյանը, Մանվել Փարամազյանը, Նարեկ Մանթաշյանը և Գառնիկ Իսագուլյանը: Այսօր, արդեն, չենք զարմանում նույնիսկ դատավորին արդարադատության իրականացման համար կալանավորելուց: Սա իրավական խայտառակության նոր նշաձող է: Սա դատական համակարգի անկախության վերացման հատուկ գործողություն է և կալանքով ահաբեկման նոր ալիք: Կատարվողը իրավական պետության քայքայումն է՝ միջազգային կառույցների լուռ աջակցությամբ:

Այս ամենը ցույց է տալիս, որ իշխանությունը թույլ ու անկարող է բարդ մարտահրավերներին դիմակայելու համար: Դրա փոխարեն, անում է ամեն ինչ՝ ներսում դիմադրությունը կոտրելու նպատակով: Ակնհայտ է, որ այսօր թիվ մեկ գլխացավանքների շարքում հենց իշխանությունն է։

Այս գործընթացները չեն կարող երկար տևել, դրանք, ի վերջո, մոտենալու են վախճանին, քանի որ ապօրինությունների այս ծավալը ոչ մի իշխանություն չի կարող մարսել: Շուտով գալու է պատասխան տալու ժամանակը»,- ասված է հայտարարության մեջ։

Մեկնաբանել