Վարչապետն ընդունել է Ճապոնիայի դեսպանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին, հայտնում են վարչապետի աշխատակազմից։

«Նիկոլ Փաշինյանն ընդգծել է առևտրատնտեսական կապերի խորացման անհրաժեշտությունը և նշել, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է ճապոնական ներդրումների ներգրավմամբ: Բարձր գնահատելով արտակարգ իրավիճակների և առողջապահության ոլորտներում մեր երկրին մինչ այժմ ցուցաբերված տեխնիկական օժանդակությունը՝ վարչապետը հույս է հայտնել, որ այն կկրի շարունակական բնույթ ու կնպաստի այդ ուղղություններով իրականացվող բարեփոխումների արդյունավետ կյանքի կոչմանը»,- ասված է հաղորդագրությունում։

Ֆուկուշիմա Մասանորիին նշել է, որ ճապոնական կողմը ևս հետաքրքրված է տնտեսական համագործակցության ընդլայնմամբ ու պատրաստ է հայաստանյան գործընկերների հետ ինտենսիվ աշխատանք տանել այդ նպատակով:

«Զրուցակիցները քննարկել են նաև կրթության ոլորտում ուսանողների փոխանակման ծրագրերի իրականացմանը, բարձր տեխնոլոգիաների, առողջապահության և այլ ուղղություններով համագործակցությանը վերաբերող հարցեր»,- նշված է հաղորդագրության մեջ։