Ադրբեջանցիները կրակել են Ասկերանի քարամշակման կետում աշխատող բանվորների վրա

Ադրբեջանական մարտական դիրքից կրակել են Ասկերանում գտնվող քարամշակման կետում աշխատող բանվորների վրա, հայտնում է Արցախի դատախազությունը։

«Փետրվարի 05-ին, ժամը 12:00-ի սահմաններում, Ասկերան քաղաքի մերձակայքում գտնվող «Օղտեն մաշկ» կոչվող տեղամասում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքից խոշոր տրամաչափի գնդացրով մի քանի կրակահերթ է արձակվել Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի վարչական տարածքում գործող՝ «Ապագա սերունդների հիմնադրամ» ընկերության քարամշակման կետի բանվորներ Գ.Բ.-ի, Ա.Թ.-ի և Ա.Հ.-ի ուղղությամբ, ովքեր տվյալ պահին տրակտորի վերանորգման աշխատանքներ էին կատարում:

Արձակված կրակոցներից պաշտպանվելու նպատակով, մինչև ոստիկանության աշխատակիցների ժամանելը, վերջիններս շուրջ երկու ժամ ստիպված թաքնված են մնացել՝ այդ ընթացքում զանգելով և դեպքի մասին իրազեկելով իրենց տնօրինությանը»,- ասված է հաղորդագրությունում։

Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով Արցախի ոստիկանության կողմից ձեռնարկվում են քրեադատավարական միջոցառումներ:

Մեկնաբանել