Հովհաննես Նազարեթյան
#CivilNetCheck
Իրավապաշտպան, Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը 2021-ի հոկտեմբերին ֆեյսբուքյան գրառում էր արել՝ պնդելով, որ տարբեր տեղերից լուրեր է ստանում, թե այս օրերին Երևանում Թուրքիայից «զբոսաշրջիկների» աննախադեպ աճ է գրանցվում։ Մելիքյանը գրառմանը կցել էր լուսանկար, որում երևում են մի քանի թուրքական անձնագրեր։ Ըստ նրա՝ լուսանկարն արվել է երևանյան հյուրանոցներից մեկում։
Մելիքյանի գրառումը մեծ տարածում էր գտել, այն հրապարակել էին մի շարք կայքեր՝ hayeli.am, armdaily.am, pastark.am, ankakh.com, mediahub.am և սունկ կայքերում։
Վիճակագրական կոմիտեն օրեր առաջ՝ փետրվարի 7-ին, հրապարակեց «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2021 թվականի հունվար-դեկտեմբերին» զեկույցը, որում ներկայացվում են Հայաստան մուտք ու ելք գործած անձանց թիվը՝ ըստ քաղաքացիության։
ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ CivilNetCheck-ը, ուսումնասիրել է վիճակագրությունը, հասկանալու՝ արդյոք 2021-ին եղե՞լ է Հայաստան այցելող Թուրքիայի քաղաքացիների աճ։
Հայաստան այցելող Թուրքիայի քաղաքացիների թիվը չի աճել
Այսպես, վերոնշյալ զեկույցի «Հետաքրքրաշարժ վիճակագրություն» բաժնում ներկայացված են տվյալներ 2021-ին սահմանահատում կատարած անձանց քանակի մասին՝ ըստ քաղաքացիության երկրի և սահմանահատումների քանակի։
Ըստ այդ տվյալների՝ 2021-ին Հայաստան մուտք է գործել Թուրքիայի 1 920 քաղաքացի, դուրս եկել՝ 1 864-ը։
Իսկ 2020-ին Հայաստան մուտք էր գործել Թուրքիայի 2 005 քաղաքացի, դուրս եկել՝ 2 046-ը։
Նախորդող տարիներին՝ 2018-ին և 2019-ին, գրանցվել էր Թուրքիայի քաղաքացիների էապես ավելի մեծ հոսք, համապատասխանաբար՝ 6 528 և 7 029։
Ըստ Վիճակագրական կոմիտեի, վերջին հինգ տարիներին գրանցվել է հետևյալ պատկերը․
Այսպիսով, 2021-ին ոչ միայն չի գրանցվել Հայաստան այցելող Թուրքիայի քաղաքացիների աճ, այլ նաև եղել է անկում՝ նույնիսկ 2020-ի համեմատ։ Անկումը 2018-ի և 2019-ի համեմատ ավելի քան երեք անգամ է։