Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը հաստատում է այն տեղեկությունը, որ Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկը փետրվարի 8-ին եղել է Հայաստանի արտգործնախարարությունում: ԱԳՆ մամուլի խոսնակն այս տեղեկությունը հայտնել է «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում՝ զերծ մնալով հավելյալ մեկնաբանություններից:
***
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ Բելառուսի և Ռուսաստանի Միութենական պետությանը կարող են միանալ հետխորհրդային տարածաշրջանի նաև այլ հանրապետություններ, և մեծ հավանականությամբ՝ Հայաստանը, քանի որ «ոչ մեկին պետք չէ»։
«Հայաստանը գնալու տեղ չունի։ Կարծում եք նրանք ինչ-որ մեկին պե՞տք են»,- ասել էր Լուկաշենկոն:
Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը արձագանքել էր Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը։
«Համոզված ենք, որ Բելառուսի նախագահի աշխարհաքաղաքական ինքնատիպ վերլուծությունները նպատակ ունեն սպասարկելու առաջին հերթին սեփական ներքին քաղաքական օրակարգը և որևէ առնչություն չունեն Հայաստանի և նրա արտաքին քաղաքականության հետ»,- ասել էր Հունանյանը։