Տյառնընդառաջին ընդառաջ. տոնի խորհուրդը և ավանդույթները

տրնդեզ

Տյառնընդառաջը Հայաստանում ամենատարածված տոներից է։ Փետրվարի 13-ի երեկոյան, երբ եկեղեցական օրացույցի համաձայն՝ երեկոյան ժամերգությունից հետո փոխվում է օրը, սկսվում է Տյառնընդառաջի տոնը: Երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է նախատոնակ, իսկ արդեն փետրվարի 14-ի առավոտյան մատուցվում է Սուրբ Պատարագ։

Սովորաբար նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի չորս ծագերը: Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը: Եկեղեցու կանթեղներից վերցված կրակով եկեղեցիների բակերում վառվում են խարույկներ` իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ:

Տյառնընդառաջը նշվում է Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո

Հայ Առաքելական եկեղեցին այն նշում է Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո՝ քառասուն օրական Հիսուսին տաճար ընծայաբերելու օրը։ Տոնը ժողովրդի մեջ հայտնի է տարբեր անուններով՝ Տրնդեզ, Տեառնընդառաջ, Տանդառեջ, Տնդալեշ, Տառինջ-տառինջ, Դառդառանջ, Դոռոնջ, Մելետ և այլն։

«Տյառնընդառաջ» անվանումը ստուգաբանվում է քրիստոնեական ավանդությամբ, ըստ որի՝ ծննդաբերած կինը քառասուն օրական անդրանիկ զավակին պիտի տաներ տաճար, Աստծուն ընծաներ մատուցեր և օրհնություն ստանար։

Տյառնընդառաջը հիմնականում նշում են նոր նշանվածներ կամ նոր ամուսանացածներ ունեցողները

Այս տոնը հիմնականում նշում են այն ընտանիքները, որոնք նշանված կամ նոր ամուսնացած զավակներ ունեն։ Տրնդեզին Հայաստանում տեղի են ունենում նշանադրման և հարսանիքի բազմաթիվ արարողություններ։ Տոնին բնորոշ ավանդույթներից է խարույկավառությունը։

Ըստ ժողովրդական ավանդության՝ Տյառնընդառաջի հիմնական ծեսը խարույկ վառելն էր և այդ խարույկի շուրջ տոնակատարությունը: Կրակի վառվելու ընթացքում կանայք սկուտեղի վրա բերում էին կերակրատեսակներ՝ փոխինձ, չամիչ, աղանձ, ընկույզ, սիսեռ և պտտեցնում կրակի շուրջ։ Երբ բոցը ցածրանում էր, նրանք սկսում էին կրակի վրայով ցատկել։

Նախկինում խարույկի ծխի ուղղությամբ կատարել են գուշակություններ։ Հետևելով ծխի ուղղությանը՝ որոշել են տարվա բերքառատությունը. եթե ծուխը թեքվել է հարավ կամ արևելք, առատ բերք են ակնկալել, իսկ եթե թեքվել է հյուսիս կամ արևմուտք, կարծել են, որ երաշտ է սպասվում։ Ծխի ուղղությամբ փորձել են գուշակել, թե որ կողմից է գալու հարսնացուն կամ փեսացուն:

Տրնդեզի մոմերով կամ ջահերով հատուկ պար է եղել նորապսակների համար: Յոթ ամուսնական զույգեր մոմերով կամ ջահերով շրջապատել են պարող նորապսակներին` չարքերից պաշտպանելու համար։ Նորապսակներն էլ պարել են այդ շրջանակի մեջ:

Տյառնընդառաջը, ժողովրդական ավանդույթի համաձայն, վերաբերում է նորապսակներին, ոչ թե նշանվածներին:

Տրնդեզի ակունքները տանում են հեթանոսություն, երբ կար կրակի պաշտամունք։ Տոնակատարությունը նվիրված էր Միհր Աստծուն։ Դրա իմաստն արևի ազդեցությունն ուժեղացնելն էր՝ կրակի օգնությամբ սառնության վրա ազդելով։

Լուսինե Վարդանյան

Մեկնաբանել