ԱԺ-ում թույլ են տրվում լրագրողների աշխատանքի սահմանափակումներ․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է արտահերթ զեկույց Ազգային ժողովում լրագրողների մասնագիտական աշխատանքի սահմանափակումների և լրագրողների նկատմամբ հանրային պաշտոնյաների անթույլատրելի արարքների մասին:

Զեկույցում առաջ է քաշվել այն հիմնարար մոտեցումը, որ հանրային պաշտոնյաները պետք է ղեկավարվեն լրագրողների բարեխղճության ու օրինավորության կանխավարկածով․ «Խոսքն առավել կոնկրետ վերաբերում է լրագրողների գործունեության սահմանափակումներին ԱԺ նստավայրի տարածքում և շենքում գործող անվտանգության կանոնների ներքո սահմանելու իրավաչափությանը»,- ասված է զեկույցում։

Արտահերթ զեկույցը, ըստ ՄԻՊ-ի՝ նպատակ ունի ևս մեկ անգամ ամրագրել լրագրողների մասնագիտական աշխատանքի կարևորությունը և ցույց տալ այդ աշխատանքին միջամտելու պետության հայեցողության սահմանները:

«Զեկույցն ամրագրում է, որ գոյություն չունեն իրավական կոնկրետ ու հստակ կարգավորումներ, որոնցով կամ որոնց հիման վրա կամրագրվեն Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողների աշխատանքի առանձնահատկությունները ԱԺ նստավայրի տարածքում և շենքում։ Խնդրահարույց է ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների նկատմամբ բացասական հետևանքները, պատասխանատվության միջոցները չունեն իրավական հիմք, չեն ստացել օրենքի մակարդակով ամրագրում, ինչպես նաև կանխատեսելի չեն հենց իրենց լրագրողների համար»,- հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

Բացի այդ, զեկույցում Պաշտպանն անդրադարձել է նրան, որ անորոշ կարգավորումների ու օրենսդրական բացի պատճառով ստեղծվել է այնպիսի վիճակ, երբ տարբեր հանրային գործիչներ, այդ թվում՝ կառավարության և Ազգային ժողովի բարձրաստիճան պաշտոնյաներ լրագրողների մասնագիտական աշխատանքի քննարկվող սահմանափակումները հիմնավորելիս բերում են հանցագործությունների դեմ պայքարի հիմնավորումներ․ «Չի կարող ընդունելի լինել, որ այն էլ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների մասին խոսելիս համեմատություններ են տարվում, օրինակ, ծանր հանցանքներ (օրինակ՝ ահաբեկչություն) կատարած անձանց կամ վարձկանների հետ՝ դրանով առավել նպաստելով հասարակությունում, ինչպես նաև այլ մարմինների մոտ լրագրողների մասնագիտական գործունեության նկատմամբ կարծրատիպերի ձևավորմանը կամ խորացմանը»։

Զեկույցում նաև մանրամասն վերլուծված է Ազգային ժողովում ծառայություն իրականացնող անվտանգության աշխատակիցների անթույլատրելի վարքագիծն ու արարքները լրագրողների նկատմամբ, այդ թվում՝ ապօրինի սպառնալիքների ներքո լրագրողներին ապօրինի պահանջներ ներկայացնելը (առանց հիմնավորումների լրագրողական նյութերը ջնջելու պահանջներ, հավատարմագրումից զրկելու սպառնալիքի դեպքեր և այլն):

Զեկույցը պատրաստելիս ՄԻՊ գրասենյակից զրուցել են նաև ՍիվիլՆեթի լրագրող Գևորգ Թոսունյանի հետ, ով 2021-ի օգոստոսի 25-ին Ազգային ժողովում լրագրողների համար նախատեսված օթյակից փորձել է տեսանկարահանել դահլիճում տեղի ունեցող միջադեպը, սակայն ԱԺ անվտանգության աշխատակիցները խոչընդոտել էին նրա և նիստը լուսաբանող մյուս լրագրողների աշխատանքը։

«Օրինակ՝ «Civilnet․ am»-ի լրագրող Գևորգ Թոսունյանը նշել է, որ Ազգային ժողովի անվտանգությունն ապահովող ծառայության աշխատակիցներն իրենց սկսել են 2 օթյակներից հեռացնել այն ժամանակ, երբ նկատել են, որ Ազգային ժողովի նիստերի դահլիճում իրավիճակը լարվում է։ Անվտանգության ծառայության աշխատակիցները կոպիտ կերպով հրելով դուրս են հանել լրագրողներին, իսկ երբ նկատել են, որ ինքը տեսանկարահանում է ընթացքը, ագրեսիվ վարքագծով սկսել են իրեն քաշքշել՝ պահանջելով չտեսանկարահանել և դուրս գալ օթյակից»,- ասված է զեկույցում։

Մեկնաբանել