Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց սահմանագծման հայկական առաջարկները

Ազգային ժողով – կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ հայկական կողմի առաջարկները, որը փոխանցվել էր Ադրբեջանին։

Վարչապետը հիշեցրեց, որ 2021-ի նոյեմբերի 26-ին Սոչիում ստորագրծված փաստաթղթով արձանագրված է, որ կողմերը պայմանավորվել են քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության և կայունության բարձրացման ուղղությամբ և գործը տանել դեպի սահմանագծման և սահմանազատման երկկողմ հանձնաժողովի ձևավորում։

«Քանի որ մենք շահագրգռված են և պետք է տեր կանգնենք մեր իսկ պայմանավորվածությանը, առաջարկ ենք արել և մեր պատկերացումը հետևյալն է, որ զինված ուժերը պետք է հայելային հետ քաշվեն։ Այսինքն, սահմանային գծից հավասար հեռավորությամբ հետ քաշվեն, որից հետո սահմանի պահպանությունը պետք է հանձնվի սահմանափակ թվով սահմանապահ ծառայության ծառայողների»,- ասաց նա։

Չնայած սահմանագծված չլինելու հանգամանքին, Փաշինյանի խոսքով՝ գոյություն ունի հայ-ադրբեջանական սահման․ «Հայաստանի և Ադրբեջանի միջև դեռևս խորհրդային ժամանակներում գոյություն է ունեցել սահման, որը դելիմիտացիայի է ենթարկվել, իսկ 1991թ․ ԱՊՀ կազմակերպություն ստեղծելու համաձայնագրով վավերացվել է և Հայաստանի, և Ադրբեջանի խորհրդարանների կողմից, այդ սահմանները ճանաչվել են»։

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Հայաստանը պատրաստ է լսել սահմանագծման վերաբերյալ այլ առաջարկներ։

«Կան բազմաթիվ շահարկումներ, որ գյուղերն անպաշտպան են մնալու և այլն, բնականաբար, այդպիսի բան չկա առաջարկների փաթեթում, ամեն ինչ հաշվի է առնված»,- նշեց վարչապետը։

***

Ադրբեջանի ԱԳ նախարարը, խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մասին, կրկին հայտարարել է, որ հայկական կողմը նախապայմաններ է առաջ քաշում՝ ընդգծելով, որ Հայաստանը չունի իրավական, քաղաքական կամ բարոյական իրավունք սահմանների սահմանազատման հարցում որևէ պայման դնելու:

Մեկնաբանել