Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հույս է հայտնում, որ փետրվարի 24-ին Հայաստանի ու Թուրքիայի հատուկ բանագնացների հանդիպումը Վիեննայում կլինի առարկայական։ Նա նշեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին։
Ազգային ժողով – կառավարություն հարցուպատասխանին Միրզոյանը հայտարարեց, որ Թուրքիայի բանագնաց Սերդար Քըլըչի ու Հայաստանի բանագնաց Ռուբեն Ռուբինյանի միջև ավելի վաղ Մոսկվայում կայացած առաջին հանդիպումը եղել է ճանաչողական։ «Հույս ունեմ կլինեն քննարկումներ Հայաստան-Թուրքիա սահմանի բացման ու դիվանագիտական հարաբերությունների հաստատման ուղղությամբ»,- նշեց Միրզոյանը։ Ըստ նրա՝ Թուրքիայից եկող ազդակները դրական են, ու Հայաստանի ակնկալիքներն էլ ադպիսին են։
Արարատ Միրզոյանը նաև հայտարարեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ Թե ով է դիվանագիտական ֆորումում ներկայացնելու Հայաստանը, Միրզոյանը չհստակեցրեց՝ ասելով, որ որոշում դեռ չկա, հրավերներ ստացել են ինքն ու Ռուբեն Ռուբինյանը։ Որոշումը, ըստ նրա, մեծապես կախված կլինի Հայաստանի ու Թուրքիայի հատուկ բանագնացների փետրվարի 24-ի հանդիպումից։