Հայաստանի ՊՆ-ն հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու մասին լուրը

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է սահմանի հյուսիսային հատվածում ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու մասին տեղեկությունը։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե փետրվարի 9-ին ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսային հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ՝ ապատեղեկատվություն է»,- ասված է հաղորդագրությունում։

Ըստ Հայաստանի պաշտպանական գերատեսչության՝ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։