ԱԱԾ-ն բացահայտել է Հայաստանում գործող լրտեսական ցանց

Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել և չեզոքացրել է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող լրտեսական ցանցի գործունեությունը։

Հայաստանի տարածքում գործակալական ցանցը ստեղծվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից և վարձատրության դիմաց գործել է ի վնաս Հայաստանի։ Գործակալական ցանցի կազմում ներգրավվել են զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում ծառայող անձինք։

«Ընդ որում, իրենց գործունեությունն անխոչընդոտ իրականացնելու և բացահայտվելու ռիսկերը նվազեցնելու նպատակով լրտեսական գործունեություն իրականացրած անձինք սոցիալական ցանցերում ստեղծել են իգական սեռի ներկայացուցիչների տվյալներով բացված կեղծ անհատական էջեր՝ հայուհիների տվյալներով և լուսանկարներով: Դրանից հետո հայերեն լեզվին ազատորեն տիրապետող օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչները ծանոթություններ են հաստատել ՀՀ զինված ուժերում տարբեր պաշտոններ զբաղեցնող անձանց հետ՝ հնարավորություն ունենալով համացանցային ծանոթությունները վերածել մտերիմ հարաբերությունների, իսկ այնուհետ նաև՝ առաջարկել գումարի դիմաց համագործակցել իրենց հետ և տրամադրել ռազմական բնագավառին վերաբերող տեղեկություններ, մասնավորապես՝ ՀՀ զինված ուժերի տարբեր զորամասերի տեղակայման վայրերի, անձնակազմի, զենքի, զինամթերքի, զինտեխնիկայի քանակի և տեսակի, զորամասերի և դրանց հրամանատարական կազմի, պաշտպանական շրջանների, ինժեներական կառույցների, սարքավորումների և այլնի վերաբերյալ»,- ասված է հաղորդագրությունում։

ԱԱԾ-ից հայտնում են, որ նշված եղանակով լրտեսական գործունեություն իրականացրած անձինք գործակալական ցանցում ներգրավել են շուրջ երկու տասնյակ ՀՀ քաղաքացիների, ովքեր ՀՀ զինված ուժերում զբաղեցրել են տարբեր պաշտոններ և ի պաշտոնե հնարավորություն են ունեցել առնչվելու պետական ու ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների և փաստաթղթերի հետ:

«Հիշյալ զինծառայողները տվել են իրենց համաձայնությունը և գումարի դիմաց բջջային տարբեր հավելվածների միջոցով օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին մաս-մաս փոխանցել են ծառայության բերումով իրենց հասանելի դարձած կամ օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցիչների պահանջով հավաքած ռազմական կամ այլ բնույթի տեղեկությունները, ի վնաս Հայաստանի Հանրապետության կատարել դավաճանական գործողություններ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Քրեական գործի նախաքննության ընթացքում պետական դավաճանություն կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել են ընդհանուր թվով 19 անձինք, որոնց մի մասը տվել է խոստովանական ցուցմունքներ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Մեկնաբանել