Զախարովան՝ գերիների վերադարձի, տարածաշրջան ՅՈՒՆԵՍԿՕ-ի այցի և Միութենական պետության մասին

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ողջունել է փետրվարի 7-ին Ադրբեջանի կողմից ութ հայ ռազմագերիների փոխանցումը հայկական կողմին: Նրա խոսքով՝ կարևոր է, որ վերջնականապես լուծվի գերիների վերադարձի խնդիրը՝ «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափով։

Զախարովան հիշեցրել է, որ ռուս խաղաղապահների միջնորդությամբ ընդհանուր առմամբ վերադարձվել է 146 գերի՝ 127 հայ և 19 ադրբեջանցի:

«Կարևոր ենք համարում զուգահեռ ջանքեր գործադրել հակամարտության ընթացքում անհայտ կորածների ճակատագիրը պարզելու ուղղությամբ։ Դրան աջակցելու ենք ինչպես ազգային, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գծով»,- ասել է նա։

Ինչ վերաբերում է Արցախի քրիստոնեական սրբավայրերից հայկական գրությունները վերացնելու Ադրբեջանի նախաձեռնությանը, Մարիա Զախարովան նշել է, որ պատմամշակութային ժառանգության պահպանման թեման պարբերաբար քննարկվում է պաշտոնական Բաքվի և Երևանի հետ մեր շփումների ժամանակ:

«Մենք հանդես ենք գալիս տարածաշրջանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության հնարավորինս շուտ կազմակերպման օգտին»,- ասել է նա:

Զախարովան հիշեցրել է, որ 2021թ. դեկտեմբերի 7-ին Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարների ընդունած համատեղ հայտարարության մեջ կոչ է արվում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել փոխգործակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ հումանիտար հարցերում իրական առաջընթացի հասնելու համար, ներառյալ պատմական և մշակութային օբյեկտների պաշտպանությունը:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն անդրադարձել է նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը, որը վերաբերում է Միութենական պետությանը Հայաստանի միանալուն։

«Նման հատված հարցազրույցում չկա։ Լուկաշենկոն չի խոսել Միութենական պետության մասին, նա խոսել է անվտանգության, տնտեսության ոլորտում հնարավոր ինտեգրացիոն գործընթացների և միավորումների մասին։ Եթե պարզապես Միութենական պետության մասին խոսենք, ոչ թե հայտարարության համատեքստում, ապա Միութենական պետությունը փակ կազմավորում չէ և նախատեսում է դրան այլ մասնակից պետությունների միանալու հնարավորություն»,- նշել է Զախարովան։