Հայաստանը դարձյալ «հիբրիդային ռեժիմ» է, բայց բարելավված դիրքերով․ «Ժողովրդավարության համաթիվ 2021»

Հովհաննես Նազարեթյան

Բրիտանական «Էկոնոմիստ Ինթելիջենս Յունիթ» (Economist Intelligence Unit – EIU) հեղինակավոր հետազոտական և խորհրդատվական ընկերությունը փետրվարի 9-ին հրապարակել է իր «Ժողովրդավարության Ինդեքս 2021» զեկույցը, ըստ որի՝ Հայաստանը առաջընթաց է գրանցել, բայց շարունակում է դասվել «հիբրիդային ռեժիմ» ունեցող երկրների շարքին։

Հայաստանը 165 երկրների և 2 տարածքների ցանկում զբաղեցնում է 89-րդ տեղը, ինչպես և 2020-ին։ Հայաստանը ստացել է 5,49 միավոր՝ նախորդ տարվա 5,35-ի փոխարեն։

Զեկույցը մատնանշում է, որ Հայաստանն իր միավորը (համաթիվը) բարելավել է 0,14 կետով և երկրների ցանկում երկու տեղով առաջ է հարևան Վրաստանից։

Զեկույցում Հայաստանի մասին նաև նշվում է. «2021 թվականի հուլիսին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունները վարչապետ Նիկոլ Փաշինյանին տվեցին հանրային հզոր մանդատ՝ ցնցումների և դժգոհությունների ժամանակաշրջանից հետո։ Փաշինյանի և նրա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ջախջախիչ հաղթանակը որոշակի կայունություն բերեցին 2020 թվականի նահանջից և Ադրբեջանի հետ պատերազմից հետո։ Սա թույլ տվեց կառավարությանը շարունակել իր ժողովրդավարական բարեփոխումների ծրագիրը: Այնուամենայնիվ, չնայած ցուցանիշի բարելավմանը՝ Հայաստանի ժողովրդավարության վերաբերյալ մտահոգությունները մնում են։ Դատական իշխանության անկախությունը դեռ հարցականի տակ է, իսկ ընդդիմությունը՝ լուսանցքայնացված»։

Հայաստանը զեկույցում ժողովրդավարական ցուցանիշով հայտնվել է Հոնկոնգի, Մեքսիկայի, Ուկրաինայի, Սենեգալի, Լիբերիայի և Վրաստանի կողքին։

Հայաստանի չորս հարևաններից երկուսը՝ Ադրբեջանն ու Իրանը, դասակարգվել են ավտորիտար երկրների շարքին։ Մյուս երկուսը՝ Թուրքիան և Վրաստանը, Հայաստանի հետ նույն «հիբրիդային ռեժիմների» թվում են։ Վրաստանը ցանկում 91-րդ տեղն է, Թուրքիան՝ 103-րդ, Ադրբեջանը՝ 141-րդ, իսկ Իրանը՝ 154-րդն է։

Հայաստանից բացի՝ ԵԱՏՄ անդամ մյուս չորս պետությունները ևս դասվել են ավտորիտար երկրների ցանկում։ Ղրղզստանը 115-րդն է, Ռուսաստանը՝ 124-րդը, Ղազախստանը՝ 128-ը, իսկ Բելառուսը 146-րդ հորիզոնականում է։

Աշխարհում ամենաժողովրդավար պետությունների շարքը գլխավորում են Նորվեգիան, Նոր Զելանդիան, Ֆինլանդիան և Շվեդիան։ Իսկ ամենաավտորիտար եկրրները դարձյալ Հյուսիսային Կորեան, Մյանման (Բիրման) և Աղֆանստանը։

«Էկոնոմիստ Ինթելիջենս Յունիթ» (Economist Intelligence Unit – EIU) հետազոտական և խորհրդատվական ընկերության ժողովրդավարության համաթիվը գնահատում է ժողովրդավարության մակարդակը 165 անկախ պետություններում և 2 տարածքներում։ Առանձնացվում են չորս ռեժիմներ՝ «լիարժեք ժողովրդավարություն», «թերի ժողովրդավարություն», «հիբրիդային ռեժիմ» և «ավտորիտար ռեժիմ»: Գնահատումն իրականացվում է 0-10 միջակայքում (0 միավորը բացարձակ ավտորիտար, 10 միավորը՝ լիարժեք ժողովրդավար)։

Մեկնաբանել