Վրաստանն արգելել է Հայաստանին իր տարածքով «մածուն» մակշմամբ մածուն արտահանել Ռուսաստան, քանի որ Վրաստանը «Մածոնիո»-ն ձևակերպել է որպես իր աշխարհագրական նշում: Հետևաբար, արտադրողը Ռուսաստան արտահանումը սկսել է իրականացնել այլ գրությամբ՝ «Հայկական սարի յոգուրտ»:
Վրացական իշխանական Իմեդի հեռուստաընկերությունը ևս տեսանյութ էր պատրատել թեմայի հետ կապված: Երբ հաղորդավարները սկսել են խոսել թեմայի մասին, հետևում ցուցադրվել է շիշ՝ վրացերեն «մացուն» գրությամբ, իսկ դրա շուրջ հայերենով գրված է՝ «Ղարաբաղը Ադրբեջան է», «Տոլման նույնպես ադրբեջանական է»:
Հաղորդման ընթացքում օգտագործված խնդրահարույց և անընդունելի գրությունների առնչությամբ Վրաստանում ՀՀ դեսպանությունը անմիջապես կապ է հաստատել Վրաստանի արտաքին գործերի նախարարության հետ և հարցի առնչությամբ պարզաբանում խնդրել։
«Փետրվարի 9-ին վրացական «Իմեդի» հեռուստաընկերության 20։00-ի «Քրոնիկոն» լրատվական հաղորդման ընթացքում սյուժեներից մեկում օգտագործված լուսանկարի վրա պատկերված են եղել խնդրահարույց և անընդունելի գրություններ։ Փետրվարի 10-ին «Իմեդի» հեռուստաընկերությունը պաշտոնապես ներողություն է խնդրել տեղի ունեցած միջադեպի համար»,- հայտնում է դեսպանությունից։
Ստորև ներկայացնում ենք հեռուստաընկերության պաշտոնական կայքում հրապարակված տեքստի հայերեն թարգմանությունը։
««Իմեդի» հեռուստաընկերությունը ներողություն է հայցում տեխնիկական սխալի համար
«Քրոնիկոն»-ի 20։00-ի հաղորդման ընթացքում տեղի է ունեցել սխալ։ Մասնավորապես, «Վրացական մածոնին ընդդեմ մածունի» սյուժեի ցուցադրության ընթացքում օգտագործված լուսանկարի վրայի գրությունը չի համապատասխանել բնօրինակին։
«Իմեդի» հեռուստաընկերության տեղեկատվական ծառայությունը պարզաբանում է, որ դա եղել տեխնիկական սխալ, ափսոսանք է հայտնում և ներողություն է հայցում թույլ տված սխալի համար։ Սյուժեի այդ հատվածը կհեռացվի Հոլդինգի բոլոր սոցիալական հարթակներից»,- գրված է հեռուստաընկերության կայքում։