ԼՂ-ում ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության իրականացումը համարում ենք առաջնահերթ և հրատապ․ ՀՀ ԱԳՆ

44-օրյա պատերազմի ավարտից հետո ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեի կողմից առաջարկված` Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի փաստահավաք առաքելության իրականացումը համարում ենք առաջնահերթ և հրատապ։ Այս մասին ասված է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարի՝ Ադրբեջանի մշակույթի նախարարության հայտարարության վերաբերյալ մեկնաբանությունում։

Նրա խոսքով՝ Հայաստանը սատարում է այդ առաքելության՝ հնարավորինս արագ կյանքի կոչմանը` «Զինված հակամարտության դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թ. Հաագայի կոնվենցիային և դրան կից երկու արձանագրություններին համահունչ։

«ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության անհապաղ իրականացման անհրաժեշտությունն առաջացել է պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը ոչնչացման վերահաս վտանգից պաշտպանելու համար: Հայկական հուշարձանների հանդեպ արդեն իսկ արձանագրված վանդալիզմի դեպքերը, ինչպես նաև Ադրբեջանի մշակույթի նախարարության կողմից օրեր առաջ հայկական պատմամշակութային ժառանգության ինքնությունը խեղաթյուրելուն ուղղված աշխատանքային խմբի ստեղծման ազդարարումը փաստում են, որ նման վտանգն առավել քան իրական է»,- նշված է Հունանյանի մեկնաբանությունում։

Երևան և Բաքու ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակության այցելության առաջարկը Հայաստանի ԱԳՆ-ն դիտարկում է բացառապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի կողմից առաջարկված վերոնշյալ առաքելության շրջանակում։

***

Ադրբեջանի կառավարությունը ձևավորել է «աղվանական պատմության և ճարտարապետության մասնագետների աշխատանքային խումբ», որի առաջադրանքն է՝ աղվանական ճարտարապետական հուշարձաններից հեռացնել «կեղծ հայկական հետքերը»։ Արցախի տարածքում հայկական մշակութային ժառանգության վերացմանն ուղղված գործողությանն արձագանքել են Հայաստանի արտգործնախարարությունը, Մայթ Աթոռ Սուրբ Էջմիածինը և hայաստանյան ՀԿ-ները:

Մեկնաբանել