Արցախում կորոնավիրուսի ռեկորդային թիվ է գրանցվել

Փետրվարի 10-ին Արցախում կորոնավիրուսային հիվանդության 220 նոր դեպք է հաստատվել։ Մեկ օրում վարակվածների նման թիվ երբեք չի հաստատվել։ Վարակվածների մեջ կան նաև երեխաներ։

Արցախի առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Օֆելյա Հարությունյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց, որ կլինինական պատկերով այդ ախտանիշները նման են Օմիկրոն շտամին։

Խոսքը կլինիկական ախտանիշների, ոչ թե լաբորատոր հետազոտության մասին է։

«Նոր շտամը հեշտ է տարածվում, և այստեղից էլ նման մեծ թիվ։ Օմիկրոնը կլինիկական պատկերով սուր շնչառական վարակներից դժվար է տարբերակել»,- ասաց մասնագետը։

Օմիկրոնը համարվում է ավելի թեթև և կառավարելի տեսակ, և մահացության դեպքերը, ըստ առկա տվյալների, ավելի քիչ են, քան մյուս շտամների դեպքում։

Արցախում համաճարակային պատկերը սրվել էր անցած տարվա նոյեմբերին, կորոնավիրուսային հիվանդության ամենամեծ թիվը գրանցվել էր նոյեմբերի 6-ին՝ 121 հաստատված դեպք։

Հայկ Ղազարյան, Ստեփանակերտ

Մեկնաբանել