«Գոլդեն փելիսը» վաճառվել է 5 մլրդ դրամով

Ծաղկաձոր քաղաքի «Գոլդեն փելիս» հյուրանոցային համալիրի օտարման նպատակով հայտարարված մրցույթի հաղթող է ճանաչվել «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն։ Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից՝ հավելելով, որ ընկերության կողմից գույքի գնման նպատակով ներկայացվել է սահմանված 5 մլրդ դրամ գնային առաջարկ, ինչպես նաև առաջիկա 5 տարիների ընթացքում լրացուցիչ 4,5 մլրդ ներդրումային ծրագիր։

«Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն հայտարարված մրցույթի միակ մասնակիցն էր։ Ըստ նախարարության՝ 2021-ի հոկտեմբերի 29-ի դրությամբ գույքի գնահատված շուկայական արժեքը կազմել է 5,6 մլրդ դրամ, իսկ շենք-շինությունների ներսում առկա 3 257 միավոր շարժական գույքինը՝ 305 մլն դրամ։

Մրցույթով օտարման ենթակա գույքի վաճառքի նվազագույն գինը սահմանվել էր 5 մլրդ դրամ։ Միաժամանակ ամրագրվել էր, որ գույքի մրցույթի արդյունքում ձևավորված օտարման արժեքը ենթակա է վճարման 5 տարվա ընթացքում հավասարաչափ։

Ազգային անվտանգության ծառայությունը 2018-ի հոկտեմբերին քրեական գործ հարուցեց Մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու ու փողերի լվացման դեպքի առթիվ։

Ըստ ԱԱԾ-ի քրեական գործի՝ 2001-ից զբաղեցնելով ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախագահի պաշտոնը՝ «Ավետիսյանն իր հետ գործնական կապերի մեջ գտնված անձանց հետ համատեղ ձեռնարկել և հիմնականում կանխիկ գումարներով ֆինանսավորել է Երևանի Ազատության պողոտայում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրի կառուցումը»: Հետագայում Ավետիսյանը հայտարարեց, որ հյուրանոցը կնվրի պետությանը։

Կառավարությունը 2019-ի սեպտմեբրի 26-ին որոշմամբ ընդունեց «Գոլդեն Փելիս» Հյուրանոց» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սեփականությունը, որը այդ ժամանակ գնահատվել էր ավելի քան 7 մլրդ դրամ:

Այնուհետև պետությունը փորձեց վաճառել հյուրանոցը, սակայն մասնակիցներ չէին լինում։ Ընդհանուր առմամբ հյուրանոցային համալիրը աճուրդի է դրվել 7 անգամ։

Մեկնաբանել