Արմեն Գրիգորյանն ու Ստանիսլավ Զասը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ, հայտնում են ԱԽ քարտուղարի գրասենյակից։

Ըստ հաղորդագրության՝ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը:

«Արմեն Գրիգորյանը շեշտել է, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև դեռևս Խորհրդային Միության տարիներից գոյություն ունի սահման: ԱԽ քարտուղարը նաև ընդգծել է, որ ըստ 1991 թվականի «Անկախ պետությունների համագործակցություն ստեղծելու մասին» համաձայնագրի՝ կողմերը ճանաչել են այդ սահմանը, վավերացրել Համաձայնագիրը իրենց խորհրդարաններում և դարձրել այն երկու երկրների օրենսդրության անբաժանելի մաս»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը նաև քննարկել են ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությանն առընչվող հարցեր:

***

Փետրվարի 9-ին «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի շրջանակում «Հավաքական անվտանգությունը նոր դարաշրջան. ՀԱՊԿ-ի փորձն ու հեռանկարները» համաժողովում ելույթ ունենալով, Ստանիսլավ Զասը հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև «ըստ էության, սահման չկա, կա շփման գիծ»։

«Լարվածության օջախներ, իհարկե, կան, դրանք հայ-ադրբեջանական սահմանին են։ Ես եղել եմ այնտեղ, իմ աչքով եմ տեսել՝ ինչ է կատարվում այնտեղ։ Բայց, ըստ էության, սահման, որպես այդպիսին, չկա, կա շփման գիծ, հենակետեր, դիտակետեր։ Ժամանակ առ ժամանակ կրակոցներ են լինում։ Այսպես չպետք է լինի»,- շեշտել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

Զասի կարծիքով՝ սահմանազատման և սահմանագծման գործընթացը զգալիորեն կամրապնդի տարածաշրջանի անվտանգությունը։