Պետական գույքի կառավարման կոմիտեն փետրվարի 10-ին հաղորդեց, որ Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն փելիս» հյուրանոցային համալիրը օտարվելու է «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ին։ Կայացած մրցույթում գույքը գնելու միակ հայտը ներկայացրել է այս ընկերությունը։ Գույքն օտարվելու է 5 միլիարդ դրամով։
«Պրոյեկտ ինտեր-ինվեստ»-ը 2002 թվականին ստեղծված ընկերություն է։ 2019-ին ընկերության միանձնյա բաժնետեր է դարձել Նարեկ Նալբանդյանը, որը գրանցված է Կոտայքի մարզի Արգել գյուղում։ «Պրոյեկտ ինտեր-ինվեստ»-ը ներկայանում է որպես Հայաստանի խոշոր գործատուներից։ Ընկերությունը զբաղվում է ալյուրի արտադրությամբ, ինչպես նշված է կայքում, ունեն երկու ալրաղացներ՝ Մասիսում ու Արտաշատում, դրանք հանդես են գալիս «Նալբանդյան» ապրանքանիշի ներքո։ Ընկերությունը զբաղվում է միջազգային բեռնափոխադրումներով, ունի 200 բեռնափոխադրողից բաղկացած ավտոպարկ (Scania, Man, Iveco մակնիշի մեքենաներով)։ Բացի այդ, «Պրոյեկտ ինտեր-ինվեստ»-ն ունի բեռնափոխադրող մեքենաների սպասարկման կենտրոն։
«Պրոյեկտ ինտեր-ինվեստ»-ը ներկայանում է նաև որպես ընկերություն, որը զբաղվում է ցեմենտի դիստրիբուցիայով, ունի 40 հեկտար պտղատու այգիներ՝ ժամանակակից տեխնոլոգիաներով մշակված։ Ընկերությանն է պատկանում 3 000 քառակուսի մետր մակերեսով սառնարանային տնտեսություն, այն կառուցում է նաև համակցված կերերի խոշոր գործարան։ «Պրոյեկտ ինտեր-ինվեստ»-ին է պատկանում Բայանդուր գյուղում գտնվող Շիրակի թռչնաբուծական ֆաբրիկան, ինչպես նաև AquaYan ապրանքանիշի խմելու ջուրը։
2021-ին «Պրոյեկտ ինտեր-ինվեստ»-ին է տրվել Սևանա լճի հանրային լողափերում սպասարկում իրականացնելու իրավունքը։ Ընկերությունը պարտավորվել է ներդնել ֆինանսական միջոցներ, կառուցապատել, բարեկարգել ու վերանորոգել լողափերը։ Այս ծրագրի շրջանակում Սևան էր այցելել ու ընկերության ներկայացուցիչներին հանդիպել շրջակա միջավայրի նախկին նախարար Ռոմանոս Պետրոսյանը։
«Պրոյեկտ ինտեր-ինվեստ»-ը 2021-ին ընդգրկված է եղել նաև 1 000 խոշոր հարկատուների ցանկում՝ վճարած 651 միլիոն դրամի հարկերով։ Նարեկ Նալբանդյանի բիզնեսների ընդլայնումը սկսվել է 2018-ին հաջորդող ժամանակահատվածում։
Նրա եղբայրը՝ Աշոտ Նալբանդյանը, 2016-ին Արգել համայնքում կայացած ՏԻՄ ընտրություններում առաջադրվել է որպես համայնքի ղեկավարի անկուսակցական թեկնածու ու պարտվել ՀՀԿ կողմից առաջադրված թեկնածուին։ Աշոտ Նալբանդյանը 2019-ին հիմնել է նաև «Մեր քայլը հոլդինգ» ՍՊԸ-ն, որն ըստ ՊԵԿ-ի՝ հարկ վճարողների փնտրման համակարգի՝ զբաղվում է մանրածախ առևտրով, թեև հիմա ընկերության գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է։
«Գոլդեն փելիս»-ում «Պրոյեկտ ինտեր-ինվեստ»-ը պարտավորվել է առաջիկա 5 տարում ներդնել 4,5 միլիարդ դրամ, իսկ գույքի օտարման արժեքը՝ այսինքն 5 միլիարդը, վճարվելու է 5 տարվա ընթացքում։
«Գոլդեն փելիս»-ը պատկանում էր Մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանին։ 2018-ի հոկտեմբերին քրեական գործ հարուցվեց Մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու ու փողերի լվացման դեպքի առթիվ։
Ըստ ԱԱԾ-ի քրեական գործի՝ 2001-ից զբաղեցնելով ՀՀ մաքսային կոմիտեի ղեկավարի պաշտոնը՝ Արմեն Ավետիսյանը փողերի լվացմամբ ու կանխիկ միջոցներով ֆինանսավորել էր Երևանի Ազատության պողոտայում գտնվող «Գոլդեն փելիս» հյուրանոցի կառուցումը։ Քրեական գործից հետո Ավետիսյանը հայտարարեց Ծաղկաձորի հյուրանոցային համալիրը պետությանը նվիրելու պատրաստակամության մասին։
Համալիրը դրվել էր աճուրդի մեկնարկային 7 միլիարդ դրամով, ապա գինը նվազեց, և հյուրանոցն ի վերջո հանվեց աճուրդից․ որոշվեց այն օտարել մրցութային կարգով։
Մկրտիչ Կարապետյան